Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՅԴ ԳՄ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ Դաշնակցության` ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանին և Արցախին վերաբերող մի շարք խնդիրներ:
Հանդիպումից հետո Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը նշեց, որ իրենց խորհրդարանական խմբակցության տարեկան ծրագրով նախատեսված է տարեկան երկու հանդիպում: «Արցախի ԱԺ Դաշնակցության խմբակցության նախաձեռնությամբ՝ առաջին հանդիպումը որոշեցինք կայացնել Երևանում: Մի շարք հարցեր քննարկվեցին՝ թե' օրենքների ընդունման նախագծերի և թե' մեր համագործակցությունը ավելի գործնական դարձնելու ու խորացնելու առումով»,- ասաց նա:
Իշխանյանի խոսքով՝ թե՛ ՀՀ-ում, թե Արցախի Հանրապետությունում մի շարք օրենքների ընդունումը մի դաշտի մեջ է, և նույնաբովանդակ օրենքների ընդունման անհրաժեշտություն կա: «Տպավորություն է ստեղծված, որ Հայաստանում այս կամ այն օրենքի ընդունումից հետո Արցախում էլ պարտադիր այդ օրենքները ընդունվում են՝ որպես կանոն, և այսպես ասած՝ Արցախի խորհրդարանը կարծես թե դերակատարություն չունի ու կրկնօրինակելու ձևական բնույթ է կրում: Փորձում ենք այդ ամենը մի քիչ այլ ուղղությամբ անել և քննարկումների արդյունքում ելքեր փնտրել՝ ավելի գործնական լինելու, ավելի նախաձեռնողականություն ցույց տալու առումով»,- շեշտեց նա:
Իշխանյանը նշեց, որ իրենք չեն կարող շրջանցել Արցախում այսօր հրատապ դարձած քաղաքական այնպիսի մի գործընթաց, ինչպիսին սահմանադրական բարեփոխումներն են, բայց այսօրվա հանդիպումը բացառապես թելադրված չէ ո'չ Արցախի սահմանադրական փոփոխություններով, ո'չ Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններով: Նա նաեւ ասաց, որ իրենց համար կարևորը սկզբունքներն ու այն ծրագրերն են, որոնք որդեգրված են, և այդ ծրագրերով առաջնորդվելու խնդիրը:
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ Դաշնակցությունը միակ կուսակցությունն է, որը թե' Հայաստանի, թե' Արցախի Ազգային ժողովներում ունի խմբակցություն, և երկու տեղում էլ ընդհանուր պետական, ազգային ծրագրերը երկուսի համար էլ նույնն են, որովհետև նույն կուսակցության հետապնդած խնդիրներին են ծառայում:
Ըստ Ռուստամյանի` միշտ անհրաժեշտություն է առաջանում, որ պարբերաբար հանդիպեն և քննարկեն այն հարցերը, որոնք պետք է համադրվեն, համակարգվեն, և հրատապ առաջացած խնդիրներ կան, որոնք լուծում ու տեսակետների փոխանակում են պահանջում:
«Այսօր այդպիսի խնդիր է Արցախի Սահմանադրությունը, որը հրապարակվել է, և մենք հիմա նախնական քննարկում ենք, որպեսզի ընդհանուր մոտեցում ձևավորվի, իհարկե, դա պիտի լինի Արցախի մեր կառույցի տեսակետը, բայց նախնական քննարկումները երբեք դրան չեն խանգարում, որովհետև փաստաթուղթը շատ կարևոր է, և դրա հետ կապված հետագա հեռանկարային քայլերն էլ այսօրվանից պետք է ճշտվեն»,- ասաց Ռուստամյանը:
Նա նաև նշեց, որ «ազգ-բանակ» նոր հասկացությունը, որ հրապարակ է բերվել հիմա Հայաստանում, միս ու արյուն դարձնելու խնդիրն է, որ պետք է լուծվի Արցախի գործընկերների լիարժեք մասնակցությամբ: «Օրակարգը շատ մեծ է և խորքային` կապված այդ նույն՝ ազգային տուրքի խնդիրների հետ և այլն: Հարցեր կան, որ օրենսդրական կարգավորումների խնդիրներ են առաջացնում, որովհետև պետք է այդ ներդաշնակեցումը տեղի ունենա՝ անկախ նրանից՝ քաղաքացին ապրում է Արցախո՞ւմ, թե՞ Հայաստանում»,- եզրափակեց Ռուստամյանը: