Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Աբադոյին:
Ողջունելով Գաբրիելա Աբադոյին Երևանում՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից Հայաստանում ներկայացուցչության բացման կապակցությամբ: Նախարարը նշեց, որ տարիներ շարունակ կազմակեպությունն իրագործել է միգրացիային վերաբերող բազմաթիվ ծրագրեր և նպաստել սահմանային կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Աբադոն նշեց, որ Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը հետաքրքրված է սերտացնելու Հայաստանի հետ հարաբերությունները, և այդ շահագրգռվածության վկայությունն է Երևանում գրասենյակի հիմնումը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև շարժունակության բնագավառում համագործակցության, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի իրականացման ընթացքի և ապագայում վիզային ռեժիմի ազատականացման հնարավորության շուրջ։
Խոսելով Հայաստանի հետ հաստատված փոխգործակցության մասին Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալը արժևորեց ՀՀ շահագրգիռ կառույցների հետ հաստատված արյունավետ համագործակցությունը։ Նա հավելեց, որ փախստականների ընդունման և ինտեգրման հայաստանյան փորձը կարող է ուսանելի լինել այլ երկրների համար։
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Գաբրիելա Աբադոն ստորագրեցին Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի երևանյան գրասենյակի հիմնադրման մասին համաձայնագիրը: