կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-18 14:35
Քաղաքական

Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Դեկտեմբերի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ 25 տարի առաջ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունների հաստատումից ի վեր, երկկողմ փոխգործակցությունը աճել ու համալրվել է նոր բովանդակությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը ընդգծեց, որ հարաբերությունների քառորդդարյա ժամանակահատվածում Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ձևավորվել են գործընկերային հարաբերություններ՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը բխում է երկկողմ շահերից:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և պարբերական շփումների շարունակականությունը։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ հաջողությամբ իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների թվով 5-րդ ծրագիրը՝ ընդգծելով Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության պրակտիկ իրականացման կարևորությունը:

Երկուստեք կարևորվեց Հայաստանի շարունակական ներդրումը միջազգային խաղաղության ու կայունության հաստատման՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի հովանո ներքո իրականացվող հավաքական ջանքերում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհակալություն հայտնեց խաղաղապահ գործողություններում Հայաստանի արժեքավոր ներդրման համար։

Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործին՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի:

Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը շնորհակալություն հայտնեց Հայաստանում դեկտեմբերի 13-ից 18-ը ՆԱՏՕ-ի հերթական շաբաթն անցկացնելու, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի նախաձեռնության շրջանակներում Կանանց, խաղաղության և անվտնագության թեմայով սեմինար կազմակերպելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների:

ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ռոուզ Գոթեմյոլլերը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

ՀՀ ԱԳՆ