կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-27 19:44
Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

   Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

 Օգոստոսի 27-ին Հայաստանում Բելառուսի Հանրապետության նորանշանակ դեսպան Իգոր Նազարուկը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

 Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է նրան Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դեսպան Իգոր Նազարուկն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրել է, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու համար առավելագույն ջանքերը կներդնի։ Դեսպան Նազարուկը Հայաստանի արտգործնախարարին է փոխանցել Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի ողջույններն ու բարեմաղթանքները։

 Նախարար Նալբանդյանն ու դեսպան Նազարուկը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը։ Երկուստեք կարևորել է այդ ուղղությամբ հավելյալ ջանքերի գործադրումը։

 Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին և միջխորհրդարանական կապերին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՏՄ շրջանակներում հայ-բելառուսական համագործակցության վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև արտգործնախարարությունների միջև համագործակցությանը, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության հարցերին։