կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-24 14:30
Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրանի արտգործնախարարի տեղակալին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրանի արտգործնախարարի տեղակալին

Մարտի 24-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Իբրահիմ Ռահիմփուրին:

Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Իբրահիմ Ռահիմփուրին Նոռուզի կապակցությամբ՝ մաղթելով Իրանի ժողովրդին առաջընթաց և բարեկեցություն:

Իբրահիմ Ռահիմփուրը Հայաստանի արտաքին գործերի նախարարին փոխանցեց Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի ողջույնները:

Հանդիպմանն անդրադարձ արվեց անցյալ տարեվերջին Իրանի Նախագահի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Իբրահիմ Ռահիմփուրն ընդգծեց, որ 2016թ. Իրանի նախագահի, առաջին փոխնախագահի, մի շարք նախարարների այցերը Հայաստան վկայում են այն կարևորության մասին, որ Իրանը տալիս է Հայաստանի հետ հարաբերություններին:

Նախարար Նալբանդյանն ու փոխնախարար Ռահիմփուրը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Երկուստեք շեշտվեց առևտրատնտեսական ոլորտում համագործակցության առավել սերտացմանն ուղղված շարունակական ջանքերի կարևորությունը:

Հանդիպման օրակարգում էին ԵԱՏՄ-Իրան համագործակցության հետ կապված հարցեր:

Զրուցակիցիները գոհունակությամբ արձանագրեցին Նոռուզը տոնելու նպատակով Հայաստանում մեծաթիվ իրանցի զբոսաշրջիկների առկայությունը և ընդգծեցին նախորդ տարի երկու պետությունների միջև մուտքի արտոնագրի ազատականացման վերաբերյալ որոշման կարևորությունը:

Էդվարդ Նալբանդյանը և Իբրահիմ Ռահիմփուրը անդրադարձան երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվություններին:

Մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի, Մերձավոր Արևելքում իրավիճակի շուրջ:

ՀՀ ԱԳՆ