կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-09 15:23
Իրավական

Առևանգել ու պահանջել են հրաժարվել ավագանու թեկնածությունից

Առևանգել ու պահանջել են հրաժարվել ավագանու թեկնածությունից

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ՝ սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան, Երևան-Էջմիածին ճանապարհին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվակա համակարգից:

Այս գործով մեղադրյալները երկուսն են ՝ Արթուր Ամիրխանյանը և Արսեն Կարապետյանը: Երկուսն էլ գտնվում են կալանքի տակ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արթուր Ամիրխանյանը 2016թ. սեպտեմբերի 16-ին Արսեն Կարապետյանի և ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, ժամը 22:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան թաղամասում, 2016թ. սեպտեմբերի 18-ին կայանալիք` նույն քաղաքի ավագանու և քաղաքապետի ընտրությունների ավագանու անդամի թեկնածու Կիրակոս Բաժակյանի ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին սատարելու, վերջինիս օգտին թռուցիկներ տարածելու, ինչպես նաև որպես ավագանու թեկնածու առաջադրվելու համար ծեծի են ենթարկել Կիրակոս Բաժակյանին: Այնուհետև հիշյալ անձինք բացահայտ առևանգել են նրան` կամքին հակառակ նստեցրել «Տոյոտա Քամրի» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխել Արմավիրի մարզ, Արշալույս գյուղի գերեզմանատնից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող դաշտամիջյան ամայի տարածք:

Նշված վայրում նույն օրը ժամը 23-ի սահմաններում, Արթուր Ամիրխանյանը Արսեն Կրապետյանի և քննությամբ չպարզված նույն անձանց հետ Կիրակոս Բաժակյանից պահանջել է հրաժարվել որպես ավագանու թեկնածու ընտրությանը մասնակցելուց` այդ կերպ խոչընդոտելով Կ.Բաժակյանի` ործես ավագանու անդամի թեկնածուի ընտրական իրավունքի իրականացմանը:

Վերը նկարագրված հանցավոր գործողությունների ժամանակ իրականացված բռնության հետևանքով Կ.Բաժակյանի առողջությանը պատճառվել է առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս: Արթուր Ամիրխանյանին և Արսեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 131 հոդվածի 2 մասի 1 և 2 կետերով(անձին առևանգելը), 149 հոդվածի 2 մասի 3 և 5 կետերի հատկանիշներով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը):