ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ , Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Արևշատ, Սպանդարյան, Գեղանիստ, Գետափ, Փանիկ, Մեղրաշեն, Անուշավան, Նոր Կյանք, Վարդաքար, Հոռոմ, Հովտաշեն, Սարատակ, Լուսակերտ, Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն, Պեմզաշեն, Լեռնակերտ համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին։
Հարգելի ՏԻՄ ներկայացուցիչներ՝
Բոլորիս հայրենիքը այս օրերին ապրում է մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Մեզնից խլել են մեր սուրբ հայրենիքի զգալի մասը, և մշուշոտ է հայրենիքի մնացյալ մասի ճակատագիրը։ Արդեն իսկ ակնհայտ է, որ օրվա իշխանությունները կարողություն չունեն լուծելու մեր հայրենիքի առաջ ծառացած բազում հիմնախնդիրները։ Արդեն տևական ժամանակ է, ինչ երկրում տիրում է անիշխանություն և քաղաքական մեծամասնությունը մսխելով իրենց վստահության քվեն երկիրը հասցրեցին այսօրվա աղետալի վիճակին։
Բավական է մակերոսորեն նայել յուրաքանչյուր բնագավառի առջև ծառացած խնդիրներին և ակնհայտ կերևա իշխանությունների մտավոր սնանկությունը և անկարողությունը։ Այս ամենը մենք միասին հանդուրժեցինք, բայց մենք չենք կարող հանդուրժել այն բացթողումները որոնք վտանգի տակ են դնում մեր հայրենիքի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը։ Վերոնշյալ իրավիճակից դուրս գալու ճանապարհը, դա կառավարության ամբողջական, անցնցում հրաժարականն է վարչապետի գլխավորությամբ, անցումային կառավարության ձևավորումն է արհեստավարժ և հայրենասեր մարդկանցով։
Հարգելի ՏԻՄ ներկայացուցիչներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության, հանուն մեր Սփույռքի և ի բարօրրություն հայ ժողովրդի կոչ ենք անում ձեզ, անհապաղ համայնքի և ավագնու անունից հայտարարությամբ հանդես գալ և պահանջել ապիկար իշխանությունների հրաժարականը։
ՀՅԴ Արթիկի «ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ» կոմիտե