կարևոր
4066 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-23 23:47
Հասարակություն

Երևանում ՌԴ քաղաքացու են առևանգել ու 650 հազար դոլար պահանջել նրա հարազատներից

Երևանում ՌԴ քաղաքացու են առևանգել ու 650 հազար դոլար պահանջել նրա հարազատներից

Երևանի ռեստորանային համալիրներից մեկից ՌԴ քաղաքացու են առևանգել և խոշոր չափի գումար պահանջել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ին։ Ոստիկանությունն ահազանգը ստացել է առավոտյան 07։50-ի սահմաններում։ Ըստ տեղեկությունների՝ առևանգվածը ՌԴ քաղաքացի 32-ամյա Սերգեյ Ֆեռովն է, որը կատարվածի մասին հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկել իր ընկերոջը՝ ՌԴ քաղաքացի Վ․ Ռուդնիցկինին։

Ոստիկանները պարզել են, որ Ֆեռովին Երևանի ռեստորաններից մեկից առևանգել են «Lexus» մակնիշի ավտոմեքենայով, տարել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկը և բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել 650 հազար ԱՄՆ դոլար։

Ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները հայտնաբերել են Սերգեյ Ֆեռովին։ Ապա իրավապահները Ֆեռովին առևանգելու ու ապօրինի պահելու կասկածանքով բռնել են Վրաստանի քաղաքացի 22-ամյա Նիկոլոզի Ատաշովին և ՀՀ քաղաքացի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Գևորգ Ս․-ին։

Նրանց հետ եղել է ևս 1 հոգի՝ Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արթուր Մ․-ն։

Ոստիկանները պարզել են, որ առևանգվածին ռեստորանից խաբեությամբ նստեցրել են Գևորգ Ս․-ի մեքենան՝ Մարտունի գնալու համար։ Արդեն ճանապարհին ստիպել են անջատել հեռախոսը, հասել են Մարտունի քաղաք, որտեղ սկսել են առևանգվածի և նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ հնչեցնել։ Ապա Ֆեռովին ստիպողաբար նստեցրել են «Lexus»-ը և Գեղարքունիքի մարզից տարել Ծաղկաձոր, որտեղ շարունակել են սպառնալիքներ հնչեցնել։

Ըստ տուժող Ֆեռովի՝ Գևորգ Ս․-ն այդ ընթացքում ձեռքը տարել է ատրճանակին և սպառնացել, որ եթե գումարը չտա, կկրակի ոտքերին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 5-րդ կետի և 335 հոդվածի (հրազենի ապօրինի շրջանառությունը) 1-ին մասի հատկանիշներով։