կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-03 18:33
Քաղաքական

Երբ զգացինք՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարող են չեղարկվել, նախաձեռնեցինք գործընթաց. Շավարշ Քոչարյան

Երբ զգացինք՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարող են չեղարկվել, նախաձեռնեցինք  գործընթաց. Շավարշ Քոչարյան

ԵՏՄ-ն Հայաստանի նախաձեռնությամբ է սկսել քննարկել Իրանի հետ արտոնյալ առևտրային ռեժիմի համաձայնագիր ունենալու հարցը. այսօր խորհրդարանում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի՝ վերոնշյալ թեմային առնչվող հարցադրմանը:

«Երբ մենք զգացինք, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարող են չեղարկվել, անմիջապես նախաձեռնեցինք այս գործընթացը: Հայաստանը ձևավորեց համապատասխան աշխատանքային խումբ, և այդ աշխատանքներն իրականացվեցին»,- նշեց Քոչարյանը, ով բոլորովին էլ պատահական չհամարեց, որ այդ աշխատանքային խմբի նիստերից մեկը, որի անդամ են նաև ԵՏՄ անդամ մյուս երկրների ներկայացուցիչները, անցկացվել է Իրանում, իսկ հաջորդը՝ հենց Երևանում:

Փոխարտգործնախարարի խոսքով՝ Հայաստանն է եղել նախաձեռնողը՝ որպես ԵՏՄ անդամ երկիր, որն ունի ցամաքային սահման՝ Իրանի հետ:

«Այդ համաձայնագրի քննարկումների ժամանակ Իրանը նաև տարբեր ապրանքատեսակների շուրջ վարում է առանձին բանակցություններ միության անդամ տարբեր երկրների հետ: Բնականաբար, մենք ձգտելու ենք ստանալ առավելագույն արտոնություններ՝ կապված ապրանքների արտահանման հետ, որովհետև դուք գիտեք, որ Իրանում բարձր են բոլոր մաքսատուրքերը, քանի որ այդ երկիրը նման կերպ պահպանում է իր ներքին շուկան: Գտնվելով պատժամիջոցների ներքո՝ Իրանը հայտնվել է ինքնաբավ տնտեսություն ստեղծելու իրավիճակում և մինչ օրս էլ խստորեն պահպանում է իր ներքին շուկան: Այդ բանակցությունները բավականին բարդ են, սակայն մենք ակնկալում ենք, որ կունենանք որոշակի արդյունքներ՝ երկկողմ համագործակցության և ԵՏՄ-ի հետ սպասվող համաձայնագրի առումով»,- նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Փոխնախարարն անդրադարձավ նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը։ «Երկաթգիծը ծախսատար է: Ունենք այնպիսի պայմանավորվածություններ, որոնք բավարար չեն այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։ Ակնկալիք, որ Իրանը կարող է այդտեղ ներդրում անել, սխալ է, որովհետև Իրանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ դուրս է եկել պատժամիջոցներից, և նրան անհրաժեշտ են միջոցներ` իր տնտեսությունը լրիվ վերակառուցելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանին, սակայն  բավարար միջոցներ չունի։

Խոսելով Իրանի` այդ պայմաններում գտնվելու պարագայում Ադրբեջանի հետ երկաթգիծ կառուցելու մասին՝ Քոչարյանը շեշտեց, որ ծրագրի ֆինանսական կողմն ապահովում է Ադրբեջանը: «Այս դեպքում ֆինանսավորող կողմն Ադրբեջանն է, բացի այդ` երկաթգիծը կառուցվում է հարթավայրում, որն ավելի է հեշտացնում գործը։ Ադրբեջանն իր հատվածն է կառուցում, ավելին՝ գումար է հատկացնում Իրանին, որ Իրանի տարածքում այն ևս կառուցվի, իսկ մեր դեպքում Իրանն իր տարածքինը պիտի կառուցի, մենք՝ մերը»,- ասաց Քոչարյանը: