կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-28 11:37
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ – 28. Կորստի ցավն ավելի զգացինք, երբ երեկոյան հաց ուտելիս նրանց տեղը դատարկ էր. Թ. Հարությունյան

«Ձմռանն ի՞նչ հնագիտական պեղումներ», - որդու պատասխանի վրա զարմացել է հայրը:

Իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետում սովորող 19-ամյա որդին ճշմարտությունը հորից թաքցնելու ավելի հարմար պատասխան այս անգամ չուներ:

Հետո հայրն, իհարկե, իմացավ, որ որորդին արցախյան պատերազմում կռվում է:

«Ծնունդով Կապանից եմ. իմ ընտանիքում Գարեգին Նժդեհը պաշտամունքի առարկա է: Պապիկիս եղբայրը Նժդեհի վաշտապետերից է եղել: Այնպես որ,արցախյան պատերազմ մեկնելս նախապատմություն ունի. դա պապերիս անցած ճանապարհն է: Բացի այդ, այս հողի վրա ապրող մարդու համար հայրենասիրությունը, կարծում եմ, բնական զգացում ու պարտավորություն է»,- 30 տարի առաջվա իր քայլը հետադարձ հայացքով գնահատեց Շուշիի ՀՅԴ առանձին հրաձգային գումարտակի ազատամարտիկ Թաթուլ Հարությունյանը:

Իրական պատերազմի իրական դեմքը

Այդ տարիների սերունդը պատերազմի մասին պատկերացում ուներ ֆիլմերից. հիշենք մեր մանկության խաղերը՝ «կռիվ-կռիվ», «Չապաև», «Դը Արտանյան»: Բացի մեր տեսած ֆիլմերից, Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերն էլ էին հուշեր պատմել:

Բայց արցախյան պատերազմը մե՛ր պատերազմն էր, մե՛ր հողի վրա, հետևաբար, պարտություն լիներ, թե հաղթանակ՝ միմիայն մե՛րն էր լինելու:

«Ես որսորդական հրացանով կրակել էի, դպրոցում զինվորական պատրաստություն էի անցել, բայց խորհրդային բանակում ծառայելու փորձ չունեի: Չեմ ամաչում  ասել՝  առաջին մարտի ժամանակ վախի զգացում կար, բայց «կռնակի» հասկացությունը՝ ընկերոջ հետ միասին կռվելու, ընկերոջն առանց խոսքի զգալու իրողությունը կար: Երբ առաջին անգամ կրակեցի թշնամու վրա, հասկացա, որ վախը հաղթահարված է»,- առաջին մարտի անսովոր զգացողությունները հիշեց ազատամարտիկը:

Արցախ. առաջին  մարտ

Քանի որ ցամաքային ճանապարհ չկար, 1990 թվականի նոյեմբերին ապագա պատմաբան ուսանողը կամավոր մեկնեց Արցախ ուղղաթիռով։  53 հոգանոց ջոկատն իջել է Մեծ Թաղլար գյուղի մոտակայքում:

Թաթուլ Հարությունյանը պատմեց, որ Ժիրայր Սեֆիլյանի և Պետրոս Ղևոնդյանի հրամանատարության տակ գտնվող իրենց ջոկատը մարտական պատրաստություն էր անցել ու լավ սպառազինված էր: Ըստ էության, իրենց ջոկատն առաջին կանոնավոր զորամասն  է եղել, որի հիմքի վրա ստեղծվել է Արցախի բանակը:

Առաջին մարտն առաջին զոհերը տվեց. «Հասանաբադում էր: Մեր ջոկատի երեք տղաները՝ Վարդան Բախշյանը, Վաչե Ռոստոմյանը և Գագիկ Գրիգորյանը, զոհվեցին: Ռուսական ուղղաթիռները հայտնվեցին մեր գլխավերևում, և մի անորոշ վիճակ ստեղծվեց. հակամարտող կողմերն էլ չէին կրակում, իսկ ռուսները վերևից նայում էին մեր օրհասական դրությանը: Մենք ձորի բերանին էինք, դուրս բերեցինք մեր տղաների անշնչացած մարմինները: …Կորստի ցավն ավելի ու ավելի զգացինք, երբ երեկոյան նստել էինք հաց ուտելու, և նրանց տեղը դատարկ էր»,- ընկերների կորուստը հիշելիս հուզմունքը դժվարությամբ է զսպում Թաթուլ Հարությունյանը:

Պատերազմի համախտանիշ

Պատերազմի համախտանիշ ունեն Վիետնամի պատերազմին մասնակցած ամերիկացիները, Աֆղանստանում կռվածները: Թաթուլ Հարությունյանն այդ համախտանիշը չունի, որովհետև ռազմական գործունեությունը շարունակել է նաև հայրենի Կապանի մատույցներում, որտեղ ՀՅԴ-ից նոր ընկերներ է ձեռք բերել, անգամ սպայի կոչում  է ստացել:  Ո՛չ ինքը, ո՛չ էլ իր միջավայրից որևէ մեկը պատերազմի համախտանիշ չունեն:

«Բոլորը կազմակերպված, զգոն են: Թեև բոլորն էլ կորուստներ էին տեսել, հիշում էին, հուզվում. ի վերջո, դա մարդկային է, բայց բոլորն էլ իրենց համոզմունքներում կարծրացած ու հաստատակամ մարդիկ են: Բոլորն էլ հպարտության զգացում ունեն և մի համոզմունք՝ հաղթում են զենքով»,- պատերազմից հետո ընկերներին հանդիպելիս այսպիսի զգացում   է  ունենում ազատամարտիկը:

Պատերազմը միայն չի վերցրել, նաև տվել  է

Երբեք զղջումի, արած-չարածի համար ափսոսալու զգացում չի ունեցել. «Պատերազմը տվել է հատկանիշներ, որ մեր բոլոր տղաների մեջ եմ տեսնում՝ ճշտապահություն և անձնվիրություն: Երբ գիշերվա ժամը 4-ին  զանգում-ասում են՝ արի ասյինչ տեղը, հարց չի հնչում՝ ինչի՞ համար: Ուղղակի գնում ենք ու վերջ»:

Ազատամարտիկի համար պատերազմից ձեռք բերած ամենամեծ նվաճումն անխախտ ընկերությունն է, որ պահպանվում է մինչև հիմա: Նաև փորձառությունը…

«Երբ Ապրիլյանին գնացի Արցախ, զարմանալիորեն թեթևության զգացողություն ունեցա: Բոլորս նորից հանդիպել էինք, ու կարծես տարիները մեր կողքով էին անցել, բոլորս նորից երիտասարդ ավյունով էինք լցված»,- հիշում է այս անգամ Ապրիլյան քառօրյայի մասնակից Թաթուլ Հարությունյանը:

Շուշի. հաղթանակների հաղթանակ

Շուշիի ազատագրումը ոչ միայն ռազմաստրատեգիական նշանակություն ունեցավ, այլև բարոյահոգաբանական տեսանկյունից մեծ դեր խաղաց: Մինչ այդ՝ Ստեփանակերտն ամեն րոպե ռմբակոծվում էր Շուշիից. չկար մի բնակիչ, որ կորուստ չունենար: Շուշիի ազատագրումն արցախյան ազատամարտի պատմության մեջ բեկումնային էր:

«Շուշիի ազատագրումից հետո վերադարձա Երևան, գնացի համալսարան ու հանրակացարան. ծաղիկներ ստացա մի խումբ անծանոթ աղջիկներից:  Նման պատկեր ես մեկ էլ Երկրորդ աշխարհամարտի մասին ֆիլմերում էի տեսել: …Շուշին մեր հաղթանակների հաղթանակն է: Մենք լիովին հավատացած էինք, որ Շուշին ազատագրելու ենք: Շուշիի ազատագրումը հայ զորավարական մտքի հաղթանակն է»,- փաստեց ազատամարտիկը:

Հայոց բանակը՝ պետականության ու խաղաղության երաշխավոր

Խաղաղության ամենամեծ ջատագովները պատերազմի մասնակիցներն են, սակայն նրանց համոզմունքն է՝ առանց կռվի խաղաղություն չկա. «Արյունով ձեռք բերված հայրենիքի մի հատվածը ոչ մի տեսակի դիվանագիտական առուծախի առարկա չի կարող լինել: Մեր պայքարը հավերժ է, եթե ունենք Ադրբեջանի նման հարևան:

Պետության կայացման երաշխավորը բանակն է. իմ համոզմամբ մեր ժողովրդի մեծագույն նվաճումը մեր պետականությունն է և նրա արդյունք և պահապան՝ Հայոց բանակը»,- մեր հաղթանակներն ամրագրած Հայոց բանակի դերն այսպես է գնահատում Թաթուլ Հարությունյանը:

Նաիր Յան