կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-03 20:21
Առանց Կատեգորիա

Տավտոլոգիայի և իրական փոփոխությունների արանքում

Տավտոլոգիայի և իրական փոփոխությունների արանքում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մի քանի ուշագրավ հանձնարարականներ է տվել կոռուպցիայի և ապօրինի հարստացման դեմ պայքարի վերաբերյալ: Նա հանձնարարել է նախապատրաստել ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծ, որով քրեական պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնց հայտարարագրած ակտիվներն էականորեն կգերազանցեն նրանց օրինական եկամուտները: Նաև հանձնարարել է կեղծ նվիրատվությունների, փոխառությունների շրջանառությունը սահմանափակելու համար ներկայացնել նաև կանխիկ գործառնությունները սահմանափակող օրինագիծ, ինչպես նաև առավել հրապարակային դարձնել կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեությունը, մեծացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողովի լիազորությունները:

Վարչապետի հանձնարարականները թիրախային են: Դրանք ուղղված են բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրվող իրական եկամուտների և դրանց հետ ներկայացվող ակտիվների միջև հարաբերակցության պարտադիր հիմնավորմանը: Սրա կանոնակարգումը տրամաբանորեն պետք է մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենա` շահերի բախման և հայտարարագրման ամբողջական համակարգի առողջացման առումով: Օրինակ` եթե նախարարը, պատգամավորը կամ դատավորը, նրանց կանայք, համատեղ ապրող երեխաները, ծնողներն ինչ-որ իքս գումար, ունեցվածք, գույք են հայտարարագրում, պետք է ոչ միայն հիմնավորեն, թե ինչի հաշվի է արձանագրվել նախորդ տարվա համեմատ արձանագրված շարժը, այլև ներկայացնեն աղբյուրները: Իսկ երբ ներկայացնում են աղբյուրները, օրինակ` նվիրատվությունը, փոխառությունը, փայաբաժիններից ստացած շահույթը, ապա պետք է բացահայտեն՝ կոնկրետ որտեղի՞ց ու յուրաքանչյուրի մասով՝ ի՞նչ չափով: Սա էլ պետք է բացահայտի, թե բարձրաստիճան պաշտոնյաները ո՞ր կազմակերպություններում, ընկերություններում շահեր ունեն: Եվ երբ, օրինակ, այդ ընկերությունները հայտ են ներկայացնում` մասնակցելու նրանց ղեկավարությամբ կամ ներգրավմամբ գերատեսչությունների համար արվող գնումների մրցույթներին, դա պետք է որակվի որպես շահերի բախում, և, ըստ տրամաբանության, կա'մ այդ պաշտոնյան պետք է հրաժարական տա, կա'մ մրցույթին այդ ընկերությունների մասնակցությունը պետք է արգելվի:

Սա չի նշանակում, որ հանձնարարականների կատարումը 100 տոկոսով չեզոքացնելու է բոլոր կոռուպցիոն ռիսկերը, և պաշտոնյաներն այլևս ապօրինի չեն հարստանալու: Իրականում խնդիրը չափազանց դժվար է կարգավորել, որովհետև այդ հարաբերությունների մեծ մասը ոչ ֆորմալ դաշտում է: Բայց եթե դրանք իրականացվեն, գոնե կստեղծվեն հակակոռուպցիոն ավելի գործուն մեխանիզմներ: Օրինակ` որքան էլ զարմանալի կարող է թվալ, մինչև հիմա կան պատգամավորներ, ովքեր 4 տարի շարունակ գույքի և եկամուտների հայտարարագիր չեն լրացրել, ոմանց լրացրած հայտարարագրերն էլ գրեթե ոչ մի չափելի տեղեկատվություն չեն պարունակում: Իսկ պատճառն այն է, որ հայտարարագրեր ներկայացնելը, որքան էլ աբսուրդային թվա, նրանց պարտականությունը չի համարվում: Ավելին` ո'չ հայտարարագիր չլրացնելը, ո'չ ներկայացնելու ժամկետները խախտելը, ո'չ էլ միտումնավոր թերի լրացնելը իրավական հետևանքներ չեն առաջացնում. օրենսդրությամբ նման մեխանիզմներ չկան: ԲՊԱ էթիկայի հանձնաժողովը այս պրոցեսի նկատմամբ վերահսկողություն իրականացնող ոչ մի էական լծակ չունի: Այն առհասարակ ոչ միայն զուտ հայտարարագրերի ռեեստրն է վարում, այլև եկամուտների ու գույքային շարժի հետ կապված կասկածներ ունենալու դեպքում համապատասխան տեղեկատվական բազաներ մուտք ունենալու իրավունք չունի: Մինչև հիմա այդ հանձնաժողովի գործունեությունը եղել է ինքնանպատակ: Եթե կառուցակարգերը խստացնելու, տվյալների վերահսկելիության, առավել ևս` պատասխանատվության կոնկրետ մեխանիզմներ չկան, կոռուպցիայի դեմ պայքարի ինչպիսի հանձնաժողով էլ ստեղծես, ով էլ դրանում ներգրավված լինի, ոչ մի արդյունք չի տալու:

Բայց սա չի նշանակում, թե մեխանիզմներ ընդհանրապես չեն եղել, ու նոր միայն հեծանիվներ են հորինվում: Ընդհանրապես, «ապօրինի հարստացման քրեականացում» հասկացությունը, որը դրոշակի նման ծածանվում է, իրականում իմաստային տավտոլոգիա է, որովհետև այն, ինչ ապօրինի է կամ որակվում է` որպես ապօրինի, իմաստ չունի քրեականացնել, որովհետև հենց այդ բնորոշմամբ այն արդեն քրեականացված է: Ապօրինի հարստացումը տեղի է ունենում քրեական կամ վարչական կոնկրետ մեկ կամ շատ հաճախ զուգակցված մի քանի խախտումների, հանցագործությունների արդյունքում: Այս իմաստով հայաստանյան օրենսդրությունը մինչև հիմա էլ իրավապահ մարմիններին տալիս էր լուրջ լծակներ՝ ոչ թե ապօրինի հարստացման,  այլ դրան հանգեցնող ապօրինի գործողությունների դեմ պայքարելու համար: Պարզապես իրական կյանքում իրավապահներն այդ լծակները լավ չէին գործադրում, քանի որ դրա համար անհրաժեշտ քաղաքական կամք կա'մ չէր ցուցաբերվում, կա'մ ցուցաբերվում էր անբավարար: Այսինքն` եթե վարչապետի հանձնարարականներն անգամ գերակատարվեն՝ առանց, գործադրման առումով, այդ կամքի ցուցաբերման, միևնույն է, ոչ մի փոփոխություն չի լինելու:

Ի դեպ, վարչապետ Կարապետյանի տված այս հանձնարարականները, որքան էլ կոշտ ու հատու հնչեն, նոր չեն ու ոչ էլ` սենսացիոն: «Կառավարությունը, քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցելով, նախապատրաստել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Մասնավորապես` արդեն շրջանառվում են բարձրաստիճան պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացման, թերի հայտարարագրման պատժելիության, պետական գնումներին մասնակցող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման, կանխիկ գործառնությունների սահմանափակման նախագծերը: Մշակման փուլում է գտնվում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն հայտնող անձանց պաշտպանության և խրախուսման նախագիծը: Խորությամբ վերլուծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ նոր համակարգի` հակակոռուպցիոն առանձին մարմնի ստեղծման գաղափարը: Այս ամենն ամբողջացնող օրենսդրական փաթեթը կյանքի կոչելու համար մենք նախատեսում էինք հոկտեմբերին հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նիստ»: Սա մեջբերում է նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ սեպտեմբերի 8-ի հրաժարականի ելույթից: Լավ է, որ, անկախ ամեն ինչից, գործընթացը կանգ չի առնում:

Գևորգ Դարբինյան