կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-01 16:55
Հասարակություն

Գերմանիայի Նյուրնբերգի հայ համայնքը 35 տարեկան է. տոնական միջոցառում (լուսանկարներ)

Գերմանիայի Նյուրնբերգի հայ համայնքը 35 տարեկան է. տոնական միջոցառում (լուսանկարներ)

Հոկտեմբերի 29-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նյուրնբերգի հայ համայնքը մեծ մասամբ գերմաներեն լեզվով նշեց հայ համայնքի հիմնադրման 35-ամյակը,  ՀՀ անկախության 25-ամյակը և Գերմանահայ բժիշկների միության 25-ամյակը։

«Ունինք հայերի նոր սերունդ մը, որ հետաքրքրված է հայկական համայնքով և կպատրաստվին շարունակելու մեր գործը, հայապահպանությունը, որն ամենակարևորն է մեզի համար»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Նյուրնբերգի հայ համայնքի ղեկավար Մարգարիտ Ասօեան-Լինկը։

Նյուրնբերգից ոչ հեռու գտնվող Ֆյուրթ քաղաքի հյուրանոցներից մեկի մեծ դահլիճում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Նյուրնբերգից ընտրված Բունդեսթագի պատգամավոր Գաբրիելա Հայնրիխը, Բավարիա երկրամասի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Նյուրնբերգի հայ համայնքի անդամներ։

«Նյուրնբերգի հայ համայնքին մաղթում եմ, որ կայուն ու հզոր լինեն և իրենց կապը միշտ պահպանեն հայրենիքի հետ»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց դեսպան Աշոտ Սմբատյանը։

Միջոցառումը, հոգևոր հովիվ տեր Այգիկ քահանա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, սկսվեց տերունական աղոթքով, որին հաջորդեց դասական երաժշտության երեկոն` Նյուրնբերգի օպերայի պետական թատրոնի երգիչներ Հրաչուհի Բասենցի, Սուրեն Մանուկյանի և Գոռ Հարությունյանի կատարումներով։

Հավաքույթի ժամանակ Աշոտ Սմբատյանը Հրաչուհի Բասենցին պարգևատրեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը միջազգային հարթակում լավագույնս ներկայացնելու, ինչպես նաև Սփյուռքում հայրենանպաստ գործունություն ծավալելու համար։

Վերջում իր հայկական կատարումներով տոնական տրամադրությունն ապահովեց սիրիահայ երգիչ Բաբկեն Գևորգյանը։

Նունե Հովսեփյան