Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի և Լիբանանի նախագահների հանդիպումը նեղ կազմով:
«Հարգելի՛ պարոն նախագահ, ես մեծ ջերմությամբ և սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Մեզ համար մեծ ուրախություն և պատիվ է հյուրընկալել բարեկամ Լիբանանի նախագահին Հայաստանում, և մենք խորապես շահագրգռված ենք Լիբանանի հետ մեր հարաբերությունները խորացնելու բոլոր ոլորտներում:
Ես մեծ ջերմությամբ եմ հիշում իմ այցը Լիբանան դեռևս 2012 թվականին, որը լավ խթան հանդիսացավ մեր հարաբերությունների զարգացման գործում: Վստահ եմ, որ Ձեր այցը նոր էջ է բացելու մեր հարաբերություններում: Մեր միջպետական հարաբերություններն ընդամենը 25 տարվա պատմություն ունեն, բայց մեր ժողովուրդների բարեկամությունը դարեր է հաշվվում: Իհարկե, մեր երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում շատ մեծ դերակատարություն ունի հայ համայնքը: Մենք խորապես շնորհակալ ենք Լիբանանի ժողովրդին և իշխանություններին մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար: Նրանք ժամանակի ընթացքում դարձան Լիբանանի լիարժեք քաղաքացիներ՝ պահելով իրենց ազգային ինքնությունը: Եվ, իհարկե, մենք շնորհակալ ենք Լիբանանի իշխանություններին, այդ թվում՝ խորհրդարանին, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար: Սա շատ կարևոր ներդրում է:
Պարո՛ն նախագահ, բարով եք եկել: Ես շատ ուրախ եմ ողջունելու Ձեզ Երևանում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահ Միշել Աունը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին հրավերի համար և իր համար մեծ պատիվ համարել Հայաստանի Հանրապետություն այցելելը:
«2012թ. Լիբանան Ձեր այցի ժամանակ Ձեր պատվին կազմակերպված ճաշի ընթացքում ինքս մասնակցել եմ, և այդ ժամանակ մենք մի կարճատև զրույց ենք ունեցել: Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանի Հանրապետությունում:
Այո՛, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներ կան իմ պատվիրակության կազմում` զբոսաշրջության նախարարը, նաև Դաշնակցություն կուսակցության ղեկավարը՝ պատգամավոր պարոն Բագրատունյանը: Ձե՛րդ Գերազանցություն, պետք է ասեմ, որ հայ համայնքը մեծ ներդրում է ունեցել Լիբանանի զարգացման, ծաղկման գործում: Նրանք բավականին լուրջ են աշխատում իրենց գործունեության բոլոր բնագավառներում, պատասխանատու օղակներում: Մենք ինքներս շատ ենք հենվում նրանց վրա բոլոր բնագավառներում: Մենք լայն հասարակություն ենք, և հայ համայնքը կարողացել է իր մշակույթն ու ինքնությունը պահպանել Լիբանանում: Իհարկե, շատ կարևորում ենք և հպարտ ենք այդ բազմակարծությամբ ու մշակութային բազմազանությամբ, որովհետև մենք կարողանում ենք դրանցից բավական օգտվել և զարգացնել Լիբանանը:
Այցս միտված է ավելի ամրապնդելու Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները: Հույս ունենք, որ Հայաստանի և Լիբանանի միջև այդ հարաբերությունները շատ ավելի կընդլայնվեն և կխորանան: Բազմաթիվ բնագավառներ կան, որոնց ուղղությամբ կարող ենք աշխատել, և դա կլինի ի բարօրություն մեր երկու երկրների»,- Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է նախագահ Միշել Աունը: