կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-31 16:14
Իրավական

Նախկին աշխատակիցը դատի է տվել ամսագրին

Նախկին աշխատակիցը դատի է տվել ամսագրին

էջադրող-դիզայներ Լուսինե Մնացականյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «LUXURY» ամսագրի տպագրությամբ զբաղվող «Լիգա Փրես» ՍՊԸ-ի: Հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել պատասխանողին) հաստատել աշխատանքային հարաբերությունների փաստը և նրանից բռնագանձել չվճարված աշխատավարձի գումարը:

Լ. Մնացականյանը, ով դիմել էր Yerkir.am-ին, պատմեց, որ 2016թ. փետրվարի 15-ին անցել է աշխատանքի «Լիգա Փրես» ՍՊԸ-ի ամսագրում` որպես էջադրող-դիզայներ` իրականացնելով ամսագրի ընթացիկ համարի դիզայնը և էջադրումը: 2016թ. մարտի 8-12-ն ընկած ժամանակահատվածում հանձնել է ամսագիրը տպագրության:

Նրա խոսքով` երբ աշխատանքի ընդունման օրինական գրանցման հարցով դիմել է գործատուին, նա պատասխանել է, որ իրենց կազմակերպությունում հարցը կքննարկվի միայն երկու ամիս անց, իսկ աշխատավարձը կազմում է 100 հազար ՀՀ դրամ, որը պետք է վճարվի ամսագրի յուրաքանչյուր համարի` տպարանից դուրս գալուց հետո:

Մնացականյանի պնդմամբ՝ գործատուն չի վճարել սահմանված աշխատավարձը, չի կնքել օրենքով սահմանված աշխատանքային պայմանագիրը, չի վճարել օրենքով սահմանված պարտադիր հարկերը և վճարները: Նա հայտնեց, որ աշխատավարձի վճարման հարցով բազմիցս դիմել է «Լիգա Փրես» ՍՊԸ–ին, սակայն մերժում է ստացել և ստիպված է եղել դիմել դատարան:

Մնացականյանը վստահ է, որ ամսագրում աշխատած այլ աշխատակիցներ էլ կան, որոնց հրաժարվել են վճարել աշխատավարձերը:

Yerkir.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ այս գործն ընդունվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի վարույթ: Գործով նախնական դատական առաջին նիստը կկայանա նոյեմբերի 18-ին:

Yerkir.am-ը հիշյալ խնդրի կապակցությամբ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով զանգահարեց «LUXURY» ամսագրի խմբագրություն: Մեր զանգին պատասխանեց ամսագրի մարքետինգի գծով տնօրեն Նարինե Ռաֆայելյան, ով սկզբում հոժարակամ պատասխանեց խնդրի վերաբերյալ մեզ հուզող հարցերին, սակայն երբ հետաքրքրվեցինք, թե ցանկանո՞ւմ է, արդյոք, որ նյութում ներկայացվի նաև իր կարծիքը, վրդովվեց. «Չեմ հասկանում` հիմա դուք ինձնից անօրինական ձևով ինտերվյո՞ւ եք վերցնում…Դատական նիստից հետո օֆիցիալ ձևով կներկայանաք, կարող եք գալ խմբագրություն և ձեր ինտերվյուն կազմակերպել: Սուտ հերյուրանքների համար ես չեմ նստելու հիմա` պատասխան տամ: Դատական նիստը կլինի նոյեմբերին, տվյալ քաղաքացին, ով ձեզ դիմել է, դատարանով կպատժվի»,- արձագանքեց նա:

Ուշագրավ է, որ, սովորաբար, մարդիկ դժգոհում են, որ առանց իրենց կարծիքը լսելու միակողմանի նյութ է տպագրվում, մինչդեռ մեր զրուցակիցը բորբոքվել էր ճիշտ հակառակ երեւույթից:

Ինչեւէ, Yerkir.am-ը կհետևի այս գործի դատաքննությանը և գործի ելքի մասին կտեղեկացնի իր ընթերցողին: