Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանկի նախկին աշխատակից 52-ամյա Արմեն Խաչատրյանը 2012թ-ին «Նորվիկ» վարկային կազմակերպությունում գրավադնելով Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասում գտնվող իր բնակարանը, 12 հազար դոլարի չափով վարկ է ստացել, որն օգտագործել է Հայաստան պարարտանյութ ներկրելու համար: Սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով չի կարողացել մարել վարկը, ինչից հետո բնակարանը ԴԱՀԿ-ում դրվել է աճուրդի և վաճառվել գնահատված արժեքից երկու անգամ ցածր գնով: Բնակարանը պաշտոնապես գնահատվել է 24մլն 500 հազար դրամ և վաճառվել 13 մլն 200 հազար դրամով: Բնակարանի նոր գնորդն էլ, համաձայն կարգի՝ դիմում է գրել՝ Արմեն Խաչատրյանին բնակարանից վտարելու վերաբերյալ:
Արմեն Խաչատրյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ օրենքով նախատեսված կարգով ԴԱՀԿ-ն վարկային ընկերության պարտքը մարելուց հետո բնակարանի վաճառքից գոյացած գումարի մնացորդը՝ 1 մլն 700 հազար դրամը, պետք է փոխանցեր նախկին տանտիրոջը, այսինքն իրեն: Սակայն ըստ քաղաքացու՝ արդեն անցել է օրենքով նախատեսված տասնօրյա ժամկետն, իսկ ԴԱՀԿ-ն դեռևս չի փոխանցել գումարը, սակայն ամեն օր իրենց տուն են գալիս ԴԱՀԿ աշխատակիցներն ու պահանջում անհապաղ ազատ արձակել բնակարանը:
Խաչատրյանի խոսքով՝ ինքը բնակարանի նոր տիրոջ հետ համաձայնության է եկել, որ վտարումը մի քանի օրով հետաձգվի՝ մինչ գումարի փոխանցումն ու նոր բնակարան վարձելը, քանի որ ըստ նրա՝ անչափահաս երեխաների հետ նոր կացարան գտնելն ու եղած գույքը տեղափոխելն իրենից ժամանակ կպահանջի: Եվ քանի որ բնակարանի նոր տանտերը բացակայում է քաղաքից և հնարավորություն չունի այդ մասին գրավոր դիմել ԴԱՀԿ-ին՝ բանավոր է համաձայնություն տվել:
«Գնորդի անունից խոսեցի ԴԱՀԿ օպերատիվ աշխատակիցների հետ, ովքեր ասացին, որ անկախ նրանից, թե ինչ պայմանավորվածություն ենք ունեցել, իրենք պետք է իրենց պարտականություններն իրականացնեն: Ինձ հանում՝ շպրտում են դուրս, լա’վ են անում, բայց մարդկայնորեն կարող են չէ՞ մի քանի օր ժամանակ տալ»,-yerkir.am-ին ասաց քաղաքացին:
Խաչատրյանն, իր դժգոհությունը հայտնելով ԴԱՀԿ-ի աշխատելաոճից, ասաց. «Քանի որ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն արձակուրդում է, ես երեկ փորձել եմ ԴԱՀԿ պետի տեղակալի օգնականի հետ կապ հաստատեմ և խնդրի մասին հայտնեմ նրան, սակայն 3 ժամ զանգել եմ, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են միացնել նրան, որից հետո ԴԱՀԿ թեժ գիծ եմ զանգահարել, որտեղ ասում են կզեկուցենք վերադասին, բայց պատասխան չկա»:
ԴԱՀԿ ծառայությունից yerkir.am-ին հայտնեցին, որ հիշյալ քաղաքացուն ժամանակին ծանուցում է ուղարկվել կոնկրետ օրվա վերաբերյալ, իսկ գումարն այսօր արդեն փոխանցվել է քաղաքացու կողմից ներկայացված հաշվեհամարին և մինչև երեկո, ամենայն հավանականությամբ, գումարը կնստի հաշվին:
Հ.Գ. Քիչ առաջ քաղաքացին մեզ հայտնեց, որ փոխանցած գումարը նստել է հաշվին և ինքն առավոտյան այն կարող է ստանալ, սակայն միաժամանակ հույս հայտնեց, որ ԴԱՀԿ-ն կընդառաջի իր խնդրանքին և առավոտյան հերթական անգամ աշխատակիցներին չի ուղարկի իրեն վտարելու, այլ գոնե մի քանի օր կսպասի: