Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետություն մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյան Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՅԴ-ի նախաձեռնած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովին, ասաց, որ շատ է կարևորում այն:
«Ելույթ ունեցողներներից Արմեն Ռուստամյանն ասաց, որ ռազմավարական դաշինք կնքելու նպատակն է Արցախի վերամիացումը Հայաստանին: Մենք պետք է ամեն ինչ անենք այդ ամենի իրագործումը մոտեցնելու համար, իսկ դրա միջանկյալ մարտավարական միջոցը Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կնքումն է: Կարծում եմ, որ դաշինքը հնարավորություն կտա միասնական քաղաքական դաշտ ձևավորելու: Ինձ համար հատկանշական էր նաև Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի ելույթը, որն ընդգծեց` իրավահավասարությունների ճշտման տեսանկյունից բավականաչափ աշխատանքներ կան անելու»,- ասաց նա:
Նախարարը նշեց նաև, որ բոլորս պետք է գիտակցենք` փաստաթուղթը կարևոր է Արցախի միացումը Հայաստանին էլ ավելի մոտեցնելու և ինտեգրումը շատ ավելի արդյունավետ դարձնելու համար:
Հարցին, թե համաձայնագիրը կարո՞ղ է «վրդովեցնել» մեր հարևաններին, Հովհաննիսյանը պատասխանեց, որ Ադրբեջանը միշտ էլ «վրդովվելու» առիթ ու պատճառ է գտնում :
«Նա առանց առիթի էլ բանակցություններից մեկ ժամ, հինգ ժամ կամ ութ օր հետո կարող է ռազմական գործողություններ վերսկսել: Այսինքն` չպետք է նայենք, թե Ադրբեջանն ինչ արձագանք ունի: Մեր քայլերը հստակ են` անկախ հայկական երկու հանրապետությունների միջև ռազմական դաշինքի կնքում ու դրանից բխող հետագա քայլեր, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել հանուն Արցախը Հայաստանին վերամիավորելու գաղափարի»,- շեշտեց մշակույթի նախարարը` հավելելով, որ թշնամուն պետք է ստիպել խաղաղության գնալ:
Իսկ Ադրբեջանը, հստակեցրեց նա, այն պետությունը չէ, որի հետ պետք է խոսել ու ասել, թե խաղաղասիրական նախաձեռնությամբ ենք հանդես գալիս, նա իր առջև ռազմավարական խնդիր է դրել, որպեսզի ոչնչացնի Հայաստանն ու հայ ժողովրդին:
Yerkir.am-ի մյուս հարցին, թե Հայաստանի ներկայիս իշխանություններն անընդհատ հղում են անում այն դրույթին, թե իրենք Արցախի անունից բանակցելու մանդատ չունեն, այս համաձայնագիրը գուցե օգնի՞ «մանդատ տրամադրելու» հարցում, Լեռնիկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, գուցե այն լրացնելու է այդ` մանդատ չունենալու պահը: Համաձայնագիրը միայն ու միայն կուժեղացնի հայկական դիրքերը բանակցային գործընթացում»: