Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է նոր կառավարության ծրագիրը: Այն ներկայացնում է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Առաջնահերթությունները ներկայացնելուց հետո վարչապետը սկսեց պատասխանել պատգամավորների հասցեին: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց վարչապետին, թե ի՞նչ բարեփոխումներ են կատարվել կառավարությունում, բացի անձերի փոփոխությունից, և շեշտեց, որ իր համար բարեփոխումները տեսանելի չեն: Պատգամավորի խոսքով` մենաշնորհի տերերը անորսալի Ջո չեն, անգամ` նրանցից մի քանիսը նստած են ԱԺ նիստերի դահլիճում, ուստի ոչ ստանդարտ լուծումներ են պետք: Ուրեմն որո՞նք են լինելու այդ ոչ ստանդարտ միջոցառումները:
Վարչապետը նշեց, որ, պետական կառավարման ոլորտում բարեփոխումների հետ կապված, հանձնարարել է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին` ներկայացնել առաջարկություններ կառուցվածքային փոփոխությունների մասին` հստակ դնելով պետական ապարատի կրճատման խնդիրը:
«Ոչ թե օպտիմալացում, այլ կրճատում: Վերանայել կիսատ-պռատ արվող գործառույթները, և եթե դրանք անհրաժեշտ չեն, ուրեմն` վերացնել: Հստակ հանձնարարական կա` կրճատել ՊՈԱԿ-ները, կենտրոնացնել գնումների կառույցները և ԾԻԳ-երը: Ես սպասում եմ բավական լուրջ կրճատումների»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Ինչ վերաբերում է պատգամավորի թերահավատությանը, թե ստվերի դեմ պայքարն ավելի շատ դեկլարատիվ բնույթ ունի, նա նշեց, որ թեև ծրագրում ստվերում գործողների անուններ չեն նշվել, սակայն կառավարությունը մտադիր է ոչ ստանդարտ մեթոդներով զարգացնել տնտեսությունը: «Կպայքարենք կոռուպցիայի դեմ, թե` ոչ` կտեսնեք ապագայում»,- ասաց վարչապետը:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց` ևս մեկ հարց տալով: Այն մաքսային թղթապանակների մասին էր, երբ տնտեսվարողին մաքսային մարմինները սկսում են «քերթել»: Պատգամավորը հարցրեց` արդյո՞ք վերանալու են այդ մաքսային թղթապանակները:
«Տիկի'ն Զոհրաբյան, պապկաներ չեն լինելու, լինելու են բրոքերային կառույցներ, ինչպես ամբողջ աշխարհում է, և բիզնեսմենը ինքը կորոշի` այդ բրոքերի՞ն է ուզում դիմել, մաքսատա՞նն է ուզում դիմել, թե՞ ոչ: Որևէ պարտադրանք որևէ բիզնեսմենի վրա չի լինելու»,- ասաց վարչապետը: