Փոխարժեքներ
17 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր 2015թ. Մոսկվայում ստորագրված «ԵՏՄ շրջանակներում բժշկական արտադրատեսակների և դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող` առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա նախ դժգոհեց, որ դեղերը Հայաստանում ոչ միայն կեղծված են, անորակ, այլ նաև` թանկ: Պատգամավորի խոսքով՝ ինքը միշտ դեղերն իր և բարեկամների համար բերում է արտասահմանից, քանի որ հայ բժիշկներն են խորհուրդ տվել չգնել դեղ Հայաստանում:
«Ցավազրկող դեղերի մեծ մասը ցավազրկող չէ: Բրախած, անտեր վիճակ է, ո՞վ է տիրություն անելու: Չէ՞ որ սա ազգային անվտանգության խնդիր է, մի երկիր, որը գտնվում է նաև կիսապատերազմական վիճակում, մտնում է ցանկացած քանակի ու տեսակի դեղ, ու մենք պաշտպանված չենք: Դուք պետք է SOS բարձրացնեք, աղմուկ բարձրացնեք, որ բարձիթողի, անտեր վիճակ է»,- ասաց Արամ Մանուկյանը:
Փոխնախարարը նշեց, որ իրենք այդ հարցը բարձրացրել են անցյալ տարի, և հույս հայտնեց, որ երբ քննարկվող համաձայնագիրը մտնի ուժի մեջ, ապա մի քանի տասնյակ որոշումներ կընդունվեն, որոնք հնարավորություն կտան լուծելու պատգամավորի բարձրացրած խնդիրները, պատշաճ վերահսկելու ոլորտը և պատշաճ պայքարելու կեղծ դեղերի դեմ:
«Թյուր կարծիք կա, թե Վրաստանում արտադրվող բոլոր դեղերը բարձր որակի են: Բազմաթիվ միջազգային փորձագետներ հայտարարել են, որ Վրաստանում մեծ թվով կեղծ դեղեր են արտադրվում, որովհետև Վրաստանում հեշտ է գրանցումը, բացակայում է վերահսկողությունը: Հայաստանում արտադրվող դեղերը, որոնք ունեն սերտիֆիկացում, բացառվում է, որ կեղծ լինեն: Կա մեկ այլ խնդիր` ֆարմինսպեկցիան վերհսկողություն իրականացնելու իրավունք չունի, այդ ֆունկցիան տրված է առողջապահության նախարարության վերահսկողության տեսչությանը, որը կայացման փուլում է, և նախատեսվում է ուժեղացնել դրա լիազորությունները»,- ասաց փոխնախարարը: