կարևոր
961 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-19 10:47
Հասարակություն

Երևանում թալանել են «Եվրոբազա»-ն. կոտրել են չհրկիզվող պահարանն ու գողացել 13 միլիոն դրամ

Երևանում թալանել են «Եվրոբազա»-ն. կոտրել են չհրկիզվող պահարանն ու գողացել 13 միլիոն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանում թալանել են հայտնի «Եվրոբազա» ընկերությունը:  Հոկտեմբերի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նուբարաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Հրայր Ա.-ն և հայտնել, որ «Եվրոբազա» ընկերությունից գողություն է կատարվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները:

Տեղում Հրայր Ա.-ն քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակատահատվածում անհայտ անձը կամ անձինք Արին Բերդի փողոցում գործող «Եվրոբազա» ընկերության պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են, մտել ներս, ապա իր աշխատասենյակում եղած չհրկիզվող պահարանի դուռը տեխնիկակակն միջոցների գործադրմամբ բացել են և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պաատսխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հրայր Ա.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Եվրոբազա» ընկերության փոխտնօրենն է, իսկ չհրկիզվող պաահարանում եղել է մոտ 13 միլիոն դրամ: