կարևոր
4219 դիտում, 9 ժամ առաջ - 2025-10-17 23:02
Քաղաքական

ՔԿ-ն զբաղված է պարզունակ մանիպուլյացիայով. ում դեմ է քրեական գործը, եթե ոչ Վեհափառի. Սոնա Տռուզյան

ՔԿ-ն զբաղված է պարզունակ մանիպուլյացիայով. ում դեմ է քրեական գործը, եթե ոչ Վեհափառի. Սոնա Տռուզյան

ՔԿ-ն զբաղված է պարզունակ մանիպուլյացիայով: Այս մասին գրել է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի նախկին քարտուղար, «Փաստինֆո»-ի գլխավոր խմբագիր Սոնա Տռուզյանը:

«Քիչ առաջ Քննչական կոմիտեն փորձել է հերքել, թե իշխանական ԶԼՄ-ներով տարածված ձայնագրության առթիվ հարուցված վարույթը վեհափառի դեմ չէ։Նկատենք՝ չեն ասում, որ վարույթ չի նախաձեռնվել։ Հենց ՔԿ-ից են «Փաստինֆո»-ին հայտնել, որ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Իսկ ձայնագրության մեջ Նաթան Սրբազանի հետ հեռախոսազրույցում կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանը բողոքում է, թե Վեհափառը պարտադրում է իրեն՝ ընտանիքի անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։

Նկատենք՝ քրեական գործը չի նախաձեռնվել մասնավոր զրույցներ, անձնական տվյալներ հրապարակելու համար, այլ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելու համար, հետեւապես ում դեմ է քրեական գործը, եթե ոչ Վեհափառի՝ Նաթան Սրբազանի՞, որին միայն բողոքում է նախկին հոգեւորականը, թե վերջինի՞ս, որը բողոքում է, թե իրեն հավաքներին մասնակցելու հորդոր է հնչել։

Իրերը պետք է իրենց անունով կոչել։

Եւ հետո՝ բառախաղով զբաղվել պետք չէ, «Փաստինֆո»-ն չի գրել քրեական հետապնդում է հարուցվել, այլ քրեական վարույթ»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ: 

ՔԿ-ից հերքել էին նշելով, թե տարածված լուրերը, որոնց համաձայն Վեհափառ Հայրապետի դեմ նախաձեռնվել է քրեական հետապնդում, չեն համապատասխանում իրականությանը։