կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-14 10:39
Հասարակություն

Այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին. Սերժ Սարգսյան

Այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել ՀՀ պատկան մարմիններին: Նախագահի ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Խոր ցավով տեղեկացա անցած գիշեր Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի մասին, որի հետևանքով ունենք մարդկային կորուստներ և վիրավորներ: Այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Դեպքից կարճ ժամանակ անց պատկան մարմինների կողմից ՀՀ Նախագահին զեկուցվել է, որ այսօր վաղ առավոտյան 04.30-ին Բեսլան-Վլադիկավկազ շրջանցային մայրուղու վրա տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Բախվել են Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսն ու ավտոտարը։ Նախնական տվյալներով ավտովթարի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 27 մարդ։ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարվել է ՀՀ կառավարությանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը՝ հրատապ միջոցներ ձեռնարկել տուժածներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով: Միաժամանակ հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զոհվածների և տուժածների ընտանիքիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ իրավասու մարմիններին հանձնարարվել է կարճ ժամկետներում, ՌԴ իրավապահ մարմինների հետ համագործակցելով, բացահայտել վթարին առնչվող հանգամանքները և պատճառները, ներկայացնել համապարփակ տեղեկատվություն:

Նախագահին զեկուցվել է նաև, որ Ռոստովում և Ռուսաստանի հարավում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչն արդեն գտնվում է դեպքի վայրում և Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ զբաղվում է առաջին օգնության ցուցաբերման հարցերով: