կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-13 15:34
Հասարակություն

Զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալապես աջակցելու համար ներդրվեցին արագ արձագանքման մեխանիզմներ

Զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալապես աջակցելու համար ներդրվեցին արագ արձագանքման մեխանիզմներ

ԼՂՀ և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլյան քառօրյա ռազմական բախումների հետևանքով առաջացած իրավիճակը պարտավորեցնում է զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար սահմանել արագ արձագանքման մեխանիզմներ: Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց նաև համապատասխան որոշումը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, ինչպես նաև կամավորականի զոհվելու կամ անհայտ կորած համարվելու դեպքերում համապատասխան տեղեկությունները զինկոմիսարիատը աջակցության տարածքային մարմիններին կհայտնի եռօրյա ժամկետում:

«Սա նշանակում է, որ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը) սկսում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված` սոցիալական դեպքի վարման գործընթացը, ձևավորում բազմամասնագիտական խումբ`տվյալ ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան»,- ասաց նախարարը:

Արտեմ Ասատրյանն ավելացրեց, որ խումբն իր գործունեությունը ծավալելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների, իսկ աջակցող ցանցի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները կամ կամավոր ֆիզիկական անձինք` իրենց հնարավորությունների և կարողությունների շրջանակում` որպես սոցիալական դեպքի վարման շրջանակում անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումներ: