կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-12 20:27
Հասարակություն

Բռնություն է գործադրել ընտանիքի անդամների նկատմամբ, ապա բենզասղոցով հարձակվել ոստիկանների վրա

Բռնություն է գործադրել ընտանիքի անդամների նկատմամբ, ապա բենզասղոցով հարձակվել ոստիկանների վրա

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2016 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 16:20-ին, Դիլիջան քաղաքի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել առ այն, որ ամուսինը վիճաբանում է ընտանիքի անդամների հետ  խնդրել ոստիկանների միջամտությունը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները պահանջել են տղամարդուց դադարեցնել վիճաբանությունը, սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, վիճաբանել է նրանց հետ, հայհոյել, ապա գործարկած բենզասղոցով հարձակվել ոստիկանների վրա: Ոստիկանության ծառայողներից մեկը, իրական վտանգ զգալով, իրեն ամրակցված «Մակարով» տիպի ատրճանակից մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել օդ, որից հետո ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան՝ ձեռքից վերցնելով բենզասղոցն ու նրան բերման ենթարկել:

Դեպքի առթիվ 2016 թվականի հոկտեմբերի 11-ին Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Ոստիկանության երկու  աշխատակից ճանաչվել են տուժող և հարցաքննվել։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել բենզասղոցը, հարցաքննվել են մի շարք վկաներ։ Տղամարդը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։