Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաղրամյան փողոցում տեղի ունեցած հավաքի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև ՀՀ գլխավոր դատախազությունը:
«Սկսած 2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքում կազմակերպել և իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի և այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը:
Չհետևելով ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին, այդ ընթացքում հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով ապրիլի 13-ին ներխուժել են ԵՊՀ, իսկ ապրիլի 14-ին՝ Հանրային ռադիոյի շենքերի տարածքները, որպիսի գործողությունները զուգորդվել են այդ ընկերությունների գույքը վնասելով, իրենց ծառայությունն իրականացնող քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելով՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:
16-ին առավոտվանից շարունակելով նույն հակաօրինական գործողությունների իրականացումը՝ հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով շարժվել են Բաղրամյան պողոտայով՝ փորձելով շրջանցել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ չկատարելով վերջիններիս օրինական պահանջները:
Կազմակերպված հավաքի մասնակիցները, վնասելով Բաղրամյան պողոտայում գտնվող պետական, ինչպես նաև քաղաքացիների մասնավոր գույքը, բռնություն են գործադրել ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:
Նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ: