կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-05 17:18
Քաղաքական

Կենսաթոշակները չեն ավելանալու. նախարարը մեկնաբանեց

Կենսաթոշակները չեն ավելանալու. նախարարը մեկնաբանեց

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրեց կենսաթոշակների մասին: Նրա խոսքով՝ հանրապետությունում կա 463 հազար թոշակառու, սակայն ինչպես ֆինանսների նախարարն է հայտարարել, այս տարի չի նախատեսվում կենսաթոշակների բարձրացում:

Ըստ Զուրաբյանի` եթե կառավարությունը 290 մլն դոլարի հավելյալ հատկացումներ անի, ապա կարող է բարձրացնել կենսաթոշակները, մինչդեռ` ամեն տարի պետական բյուջեն տարբեր ձևերով մսխվում է, թալանվում: Պատգամավորը հարցրեց` արդյո՞ք կենսաթոշակները չբարձրացնելու մասին հայտարարությունը արդեն իսկ չի վկայում կառավարության կապիտուլյացիայի մասին:

Հարցին պատասխանեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ասելով, որ պետական բյուջեում սոցիալական ծախսերը կազմում են ընդհանուր ծախսերի 30 տոկոսը: Ամեն տարի կենսաթոշակներն ավելացել են 15 տոկոսով: Նախարարի խոսքով` իհարկե, դա բավարար չէ, բայց կան սոցիալական ծրագրեր, սոցիալական աջակցության ծառայություններ, որոնք թեև դրամական առումով չեն ներառված կենսաթոշակների մեջ, սակայն էականորեն թեթևացնում են կենսաթոշակառուների սոցիալական բեռը:

«Այո, կենսաթոշակների ավելացման համար միջոցներ նախատեսված չեն, բայց դա պայմանավորված է կառավարության ծրագրի առաջնահերթություններով, այսօրվա իրողություններով»,- ասաց Ասատրյանը:

Զուրաբյանն արձագանքեց, որ նախարարի պատասխանից կարելի է համարել, որ որևէ հեռանկար չպետք է սպասել:

Նախարարն էլ պնդեց, որ շուտով կներկայացվի կառավարության ծրագիրը, և պատգամավորը կարող է ականատես լինել դրական ազդակների: