կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-09 22:12
Հասարակություն

Ծննդատուն ու մանկապարտեզ փակող երկրում բանտախցերն են ավելանալու. Ս. Ղարաբաղցյան

Ծննդատուն ու մանկապարտեզ փակող երկրում բանտախցերն են ավելանալու. Ս. Ղարաբաղցյան

Խորհրդային տարիներին էր, Խձորեսկ գյուղում իմ սցենարով նկարահանվում էր «ԵՐԵՔ ԽՆՁՈՐԵՍԿ» վավերագրական ֆիլմը։ Աշխատանքային լարված օրը ավարտվում էր սովխոզի դիրեկտորի (հիմա` գյուղապետ) տանը կազմակերպված աղ ու հացով:

Կենսուրախ ու խոսքաշեն մարդ էր Դիրեկտորը։ Հիշում ու հպարտանում էր, որ իր տանը աղ ու հաց է արել Համոյի (Համո Սահյանի), Վահագնի (Վահագն Դավթյանի), Սերոյի (Սերո Խանզադյանի) հետ ու Վիլյամ Սարոյանի ինքն էլ ուղեկցել Մխիթար Սպարապետի գերեզման։

Այդ օրը մի տեսակ անտրամադիր էր, քչախոս... Մեղքս ինչ թաքցնեմ, մտածեցի, թե այս մարդը երևի հոգնել է մեզանից ու մտքում ասում է` երբ պիտի սրանք ավարտեն նկարահանումները ու Երևան գնան։

Բայց չէ, տխրության պատճառը ուրիշ էր. վերեւներից (ռայկոմից) մարդիկ էին եկել ու դժգոհել աշխատանքից։ Պայման էին դրել, եթե կաթի պլանը այդ ամիս էլ չկատարեր սովխոզը, ֆերման լուծարելու են, իրեն էլ գործից ազատեն... ՄԵՐ ֆիլմի ռեժիսորը, ով ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ սիրված ու հարգված մարդ էր, ասաց.

- Դարդ մի անի, Ռայկոմի Քարտուղարին (հիմա մարզպետ) կասեմ, ժամանակ կտա...

- Լավ կանես է~ կասես, շատ շնորհակալ եմ, բա կովերին ո՞վ ասի...

- Կովերին էլ կասենք,- կատակեց օպերատորը...

Դիրեկտորի դեմքին ժպիտ ծաղկեց....

Հ.Գ. Ինչո՞ւ հիշեցի այս պատմությունը. Մարալիկում այսօր ժողովուրդը դուրս էր եկել բողոքի. Փակվում է շրջանի միակ ծննդատունը։

Վերևներից (Երևանից) եկած պաշտոնյան գոհ չէ, շրջանում ծնունդները խիստ անբավարար են ու ծննդատունը շրջանի համար ավելորդ շռայլություն է պետության համար...

Երեւանից Մարալիկ եկած պաշտոնյան ու նրան դեսը ղըրկողը մինչև չհասկանան, որ թեկուզ մի ծննդկանի, թեկուզ մի աշակերտի համար պարտավոր է իրեն հարգող երկիրը, պետությունը, ազգը ծննդատուն ու մանկապարտեզ, դպրոց ունենալ...

Հակառակ դեպքում այդ երկրում բանտախցերն են ավելանալու...