|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Թուրքիայում փակվել են Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ Sabah թերթի կայքը՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարությանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ այդ հայտարարության՝ դեսպանատները փակվել են` անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ հետախուզական տվյալներ էին ստացվել, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը սեպտեմբերի 13-17-ը հնարավոր է հարձակում գործի այդ դեսպանատների վրա:
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ, ստացված տեղեկությունների հիմք ընդունելով, համագործակցել է Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համապատասխան ծառայությունների հետ: Իրականացված միջոցառումների արդյունքում Քուրբան բայրամից առաջ Անկարայում ձերբակալվել է 3, Ստամբուլում` 1 մարդ: Սակայն որևէ ակնհայտ փաստ, որ կասկածյալները կապ ունեն ահաբեկչական կազմակերպության հետ, դեռևս չի հայտնաբերվել:
Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Մուրը, Twitter-ի իր միկրոբլոգում անդրադառնալով թեմային, նշել է, որ ստեղծված իրավիճակում դեսպանատունը փակելը ողջամիտ է: «Թուրքական իշխանությունները սպառնալիքի դեմ համապատասխան միջոցառումներ են իրականացնում: Նրանց շատ ենք վստահում: Ցուցաբերած ջանքերի համար շնորհակալություն եմ հայտնում, սակայն նման իրավիճակում ողջամիտ է դեսպանատունը փակելը»,- գրել է նա: