կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-14 22:09
Առանց Կատեգորիա

Ռիսկային կոնսենսուս

Ռիսկային կոնսենսուս

ԱԺ 5 խմբակցություններ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը, ստորագրեցին Ընտրական օրենսգրքի շուրջ փոխհամաձայնության մասին համատեղ հայտարարություն: Դրանով հրապարակվեցին Ընտրական օրենսգրքում նոր փոփոխությունների շուրջ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունները, ըստ որոնց` քվեարկությունից հետո կհրապարակվեն ընտրություններին մասնակցածների ցուցակները, ընտրությանը մասնակցող սուբյեկտներին կտրվի ընտրությանը քաղաքացիների մասնակցության փաստի ստուգման հնարավորություն, կխստացվեն ընտրախախտումների համար սահմանված պատժամիջոցները, և բոլոր ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ:

Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն այս համաձայնությունների ձեռք բերումը որակեցին իբրև պատմական, անհավատալի կամ բացառիկ: Ձեռք բերված համաձայնությունները դրական են գնահատել նաև ԸՕ-ի շուրջ տարվող բանակցություններին մասնակցած հասարակական մի շարք կազմակերպություններ՝ հայտարարելով, թե դրանք նախադրյալներ են ստեղծում  ընտրախախտումների ծավալները զգալիորեն նվազեցնելու համար:

Հայտարարության հրապարակմանը շատ արագ հաջորդեց նաև ԵՄ-ի արձագանքը: ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոսյանչիչը համատեղ հայտարարության ստորագրումը գնահատել է որպես «ընտրական բարեփոխումների իրականացմանը նպատող դրական զարգացում» և հույս հայտնել, որ ԵՄ-ի, միջազգային այլ կազմակերպությունների կողմից տրվող ֆինանսավորումը հնարավորություն կտա իրականացնելու նոր Ընտրական օրենսգրքով նախատեսված տեխնիկական բաղադրիչը: Ավելի ուշ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը թվիթերյան իր միկրոբլոգում ևս ողջունել է համաձայնությունների ձեռք բերումը և նշել,  որ ԵՄ-ն պատրաստ է ֆինանսապես աջակցել դրանց իրականացմանը:

Ըստ էության՝ առաջին անգամ է, որ Հայաստանում խորհրդարանական ուժերը և քաղաքացիական հասարակությունը գրեթե միահամուռ հավանություն են տալիս ընտրական համակարգի բարեփոխմանն ուղղված նախաձեռնությանը: Նման արդյունք չարձանագրվեց ամռանը, երբ խորհրդարանական նույն ուժերը համաձայնությունների եկան Ընտրական նոր օրենսգրքում առաջին փոփոխությունների շուրջ: Այն ժամանակ ՀԿ սեկտորը հրաժարվեց միանալ՝ համարելով, որ համաձայնությունները չեն ընդգրկում ավելի վաղ ներկայացված` իրենց բոլոր սկզբունքային պահանջները: Այս իմաստով կարելի է ասել` թեև ՀԿ ներկայացուցիչները չմասնակցեցին հայտարարության ստորագրմանը, սակայն «4+4+4» ձևաչափը, իր քաղաքական բովանդակությամբ, աշխատեց: Դա նշանակում է, որ ձեռք բերված համաձայնություններն իսկապես ունեն բավական բարձր լեգիտիմության աստիճան: Դա նշանակում է նաև, որ, մեծ հաշվով, իշխանությանը հաջողվեց լուծել այս պահի համար իր առջև ծառացած ամենակարևոր խնդիրը՝ առաջիկա վճռորոշ խորհրդարանական ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորել հասարակական-քաղաքական կոնսենսուս:

Համաձայնությունների ձեռք բերումը, որպես քաղաքական ակտ, ունի նաև երկրորդային, բայց ոչ պակաս կարևոր նշանակություն. այն ակնառու դարձրեց, որ քաղաքական կոնսենսուսի ձեռք բերումը իրատեսական և հնարավոր է նաև ներքաղաքական օրակարգի ռազմավարական հարցերի շուրջ, ինչը քաղաքական մշակույթի ձևավորման, քաղաքական երկխոսության մթնոլորտի ձևավորման, ներքաղաքական համերաշխության ֆոն է ստեղծում:

Սակայն որքան էլ մեծ լինեն սպասումները, համատեղ հայտարարության ստորագրման, անգամ` դրա հիման վրա հետագայում Ընտրական օրենսգրքում նոր փոփոխությունների կատարման նշանակությունը չպետք է գերագնահատել: Խնդիրն այն է, որ խոսքն առայժմ վերաբերում է ընդամենը համաձայնությունների ձեռք բերմանը, այլ ոչ թե դրանց կենսագործմանը կամ դրանց արդյունքին: Քանի դեռ նոր Ընտրական օրենսգիրքը պրակտիկորեն չի ապացուցել իր արդյունավետությունը թափանցիկ, արդար և օրինական ընտրությունների անցկացման առումով, քանի դեռ ընտրողը չի համոզվել, որ իր քվեն պաշտպանված և որոշիչ է, և արդյունքները չեն կեղծվում, ցանկացած տիպի փոխհամաձայնություն, հայտարարություն ընկալելու է առավելագույնը որպես բարի ցանկությունների դեկլարացիա: Պատճառը թե\' քաղաքական համակարգի և թե\' իշխանության հանդեպ հանրային անվստահության խոր ճգնաժամն է: Հասարակությունն այլևս ոչ թե ստորագրված թղթերին կամ հայտարարություններին է հավատում, այլ կոնկրետ գործողությունների:

Այս իմաստով` թե\' իշխանությունը, թե\' ընդդիմությունը և թե\' քաղաքացիական հասարակությունը դեռևս լուրջ անելիքներ ունեն: Ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ նման հայտարարություններ անելով՝ նրանք իրենց վրա հսկայական պատասխանատվություն են վերցնում, որը պետք է կարողանան արդարացնել: Խնդիրն այն է, որ երբ քաղաքական ուժերը և ՀԿ-ները հայտարարում են, թե ստեղծվում են նորմալ ընտրություններ անցկացնելու լավ հնարավորություններ, նրանք կամա, թե ակամա զգալիորեն լեգիտիմացնում են գալիք ընտրությունների արդյունքները՝ անկախ նրանից՝ ուժերի ինչ հարաբերակցություն կարտացոլվի խորհրդարանում, ու որքանով այդ արդյունքներն իրենց «սրտով կլինեն»: Իրենց համար ոչ ցանկալի արդյունքների հրապարակման դեպքում չափազանց դժվար է լինելու հիմնավորել, որ ընտրությունները կեղծված են: Որովհետև այդ դեպքում ստիպված են լինելու բացատրել` եթե իսկապես համարում էին, որ ձեռք բերված համաձայնություններն ու դրանց հիման վրա կատարված օրենսդրական փոփոխություններն ընդդիմությանը տալիս էին քվեի պաշտպանությունն ապահովելու, քվեարկության ընթացքը և հաշվարկը վերահսկելու հնարավորություն, ինչո՞ւ չկարողացան դրանից օգտվել: Եթե անգամ հղումներ կատարվեն այլ բնույթի ընտրախախտումներին, օրինակ՝ ընտրակաշառքների բաժանումը, ընտրողների կազմակերպված տեղաշարժի ապահովումը, դիտորդների, վստահված անձանց նկատմամբ բռնությունների կիրառումը և այլն, հարց է առաջանալու, թե ինչո՞ւ դրանք ևս չէին դառնում բանակցությունների առարկա:  

Հետևաբար, ամենակարևորը ոչ այնքան համաձայնության ձեռք բերումն է, որքան դրանց իրականացումը, իշխանության կողմից արդար ընտրությունների անցկացումը, ընդդիմության և քաղհասարակության կողմից՝ դրանց իրական վերահսկելիության ապահովումը: Իրական կոնսենսուսը պետք է տեղի ունենա այս հարթությունում:

Գևորգ Դարբինյան