Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տնօրենի ընտրություն է լինելու. լրացել է թատրոնի տնօրենի` Գևորգ Խաչատրյանի լիազորությունների ժամկետը /8 տարի/: Բոլոր թատրոններում էլ լինում է տնօրենի ընտրություն, բնական է` թատրոնը պետք է տնօրեն ունենա, բայց ոչ բոլոր թատրոններում են, որպես տնօրենի թեկնածուներ, առաջադրված լինում ՀՀԿ-ականներ, ովքեր թատրոնի հետ, կարծես, որևէ կապ չունեն: Ուշագրավն այն է, որ թատրոնի տնօրենությունն ու աշխատակազմը տեղյակ չեն եղել տնօրենի թեկնածուների առաջադրման և ընտրության ժամկետից, սակայն երկու օր առաջ պարզել են, որ արդեն տնօրենի 2 թեկնածու կա առաջադրված` ՀՀԿ-ականներ` «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը և նույն հեռուստաընկերության աշխատակից Արաքս Կիրակոսյանը:
Օրերս թատրոնում ասուլիս տեղի ունեցավ, որի ժամանակ էլ թատրոնի կոլեկտիվը դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ խնդրելով չեղյալ հայտարարել տնօրենի ընտրություններում երկու ՀՀԿ-ականների առաջադրումները:
Yerkir.am-ին թատրոնից տեղեկացրեցին, որ իրենք ոչ թե դեմ են այդ կանանց առաջադրմանը կուսակցական պատկանելության համար, այլ այն պատճառով, որ երկուսն էլ թատրոնի մարդ չեն, հեռու են թատերարվեստից: «Հարցն այն չէ, որ նրանք կուսակցական են, կարող է` լավ ղեկավար են, բայց թատրոնի տնօրենը պետք է, չէ՞, թատրոնից գլուխ հանի, մեր ոլորտի մարդ լինի: 150-ամյա թատրոն ունենք, հո խաղ ու պար չի՞: Թատրոնի ղեկավարներ են եղել Հակոբ Ղազանչյանը, Ալբերտ Մկրտչյանը, Անդրանիկ Գամջյանը, Նիկոլայ Ծատուրյանը… Վերջերս էլ թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվել երիտասարդ ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը: Թատրոնի տնօրենի ընտրության ժամկետի մասին մենք չենք իմացել, ասում են` նախարարությունը թերթում հայտարարություն է տվել, պետք է թերթերից իմանայինք: Մենք մեր թատրոնին վերաբերող հարցերը պետք է թերթերից իմանա՞նք»,- ասացին թատրոնից:
Թատրոնի աշխատակիցների մեկնաբանմամբ` անարդար է նաև մոտեցումը. մի թատրոնի դեպքում` տնօրենի նշանակման համար պարտադիր է մասնագիտական կրթությունը, իսկ իրենց թատրոնի դեպքում` ոչ: «Եվ մեզ պարզաբանել են, որ թատրոնն ունի գեղարվեստական խորհուրդ, դրա համար էլ պարտադիր չէ, որ տնօրենը մասնագիտական կրթություն ունենա: Թատրոնն ավանդույթներ ունեցող, ձևավորված թատրոն է, պետք չէ քանդել ներսից»,- ասացին մեզ:
Մշակույթի նախարարը, բնականաբար, ոչ մի կերպ չի արձագանքել աճեմյանցիների բողոքին: Դե, նախարարությունը կարծես կապ չպետք է ունենա ընտրությունների հետ, բայց, բնականաբար, դա ֆանտաստիկայի ժանրից կլիներ մեր նախարարության դեպքում:
Թե ի՞նչ կլինի թատրոնի ճակատագիրը, դեռ պարզ չէ, սակայն եթե մինչ օրս նախարարությունը որևէ կերպ չի արձագանքել աճեմյանցիների բողոքին, դժվար թե ընտրության օրով որոշի քնից արթնանալ:
Հիշեցնենք միայն, որ ընտրությունը կատարվում է երկու փուլով` գրավոր և բանավոր, որը, սակայն, կրկին ոչինչ չի նշանակում, բավական է հիշել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրությունները, երբ պարզվեց` Բարսեղ Թումանյանի գիտելիքները «զիջում» են ներկայիս տնօրեն Անդրանիկ Արզումանյանի` օպերային արվեստում ունեցած «փորձին»:
Կ. Հ.