կարևոր
820 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-27 20:43
Հասարակություն

Հրդեհների բոլոր օջախները մարվել են. ՆԳ-ն ամփոփել է նոյեմբերի 21-ից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները

Հրդեհների բոլոր օջախները մարվել են. ՆԳ-ն ամփոփել է նոյեմբերի 21-ից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները

Լայնածավալ գործողությունների արդյունքում հրդեհների բոլոր օջախները մարվել են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Նոյեմբերի 21-ից 27-ը խոշոր հրդեհներ էին բռնկվել Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի բուսածածկ և խոտածածկ տարածքներում:

Հրշեջ-փրկարարները, հավատարիմ մասնագիտական պարտականություններին ու առաքելությանը, անմիջապես անցել են հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը:

Լայնածավալ գործողություններին ներգրավվել է ավելի քան 2700 փրկարարական ծառայող, Շրջակա միջավայրի նախարարության, Էկոպարեկային ծառայության, ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ, 65 հիմնական և շուրջ 260 օժանդակ տեխնիկա, ՊՆ ուղղաթիռ, որով իրականացվել է  109 թռիչք՝ օդային հետախուզման և հրդեհաշիջման նպատակով։

Ձևավորվել էր օպերատիվ շտաբ՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ։ Լրատվամիջոցների հետ հաղորդակցությունը տեղում իրականացնում էր ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով օպերատիվ տեղեկատվություն, պաշտոնական հարթակներում պարբերաբար ներկայացվում էր տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն։

Մեծամասշտաբ հրդեհի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է նոյեմբերի 21-ին. Մարտունու, Վարդենյաց լեռնանցքի, Զոլաքարի, Լճաշենի և այլ տարածքներում բռնկված օջախները մարելու նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայության ուժերը անմիջապես անցել են հրդեհաշիջման գործողությունների:  Հրշեջ-փրկարարներին հաջողվել է արդեն նոյեմբերի 25-ին նշված հատվածներում ամբողջովին մեկուսացնել հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը անտառային հատվածներ և բնակելի գոտիներ։

Նոյեմբերի 22–24-ը ահազանգեր են ստացվել նաև Տավուշի մարզի Նավուր բնակավայրի և Դիլիջան քաղաքի հարակից անտառածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Իրականացվել են մեծամասշտաբ հրդեհաշիջման աշխատանքներ: Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա հատվածներում արձանագրված հրդեհները մարվել են։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի առողջարանային գոտի ու բնակելի տներ։ Իսկ լուրերն այն մասին, թե հրդեհների հետևանքով կենդանիներ են տուժել, ապատեղեկատվություն է:

Ցավոք, նոյեմբերի 26-ին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Եվս չորս հրշեջ-փրկարար տեղափոխվել են բժշկական կենտրոն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Նույն ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել նաև Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Հրդեհների օջախներն ամբողջությամբ մարվել են, կանխվել է հրդեհների տարածումը դեպի բնակավայրեր, կենսական ենթակառուցվածքներ ու անտառային հատվածներ։

Հնարավոր բռնկումներից խուսափելու նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայությունը շարունակում է իրականացնել վերահսկողություն:

Այս ընթացքում ԶԼՄ-ներում և սոցցանցում հրապարակվեցին չճշտված, որոշ դեպքերում նաև խուճապային տրամադրություններ հրահրող տեղեկություններ՝ Փրկարար ծառայության կողմից օպերատիվ չգործելու, տեխնիկայի անբավարարության, իրավիճակը չվերահսկելու վերաբերյալ։ Իսկ իրականում փրկարարները՝ համագործակցելով գործընկեր կառույցների աշխատակիցների հետ՝ գործեցին պրոֆեսիոնալ և օպերատիվ։ Նրանք օրերի ընթացքում մարեցին հրդեհները, կանխեցին հետագա զարգացումները ու անդառնալի վնասը։

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, լինել զգոն. ցանկացած անփութություն և անուշադրություն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, իսկ կրակ կամ ծուխ նկատելիս հորդորում ենք անմիջապես զանգել 911։