կարևոր
793 դիտում, 53 րոպե առաջ - 2025-11-27 18:18
Աշխարհ

ՌԴ–ն համաձայն է Ուկրաինայի հարցով բանակցել` հիմնվելով ԱՄՆ–ի ծրագրի վրա. Պուտին

ՌԴ–ն համաձայն է Ուկրաինայի հարցով բանակցել` հիմնվելով ԱՄՆ–ի ծրագրի վրա. Պուտին

Ռուսաստանը համաձայն է, որ ԱՄՆ-ի ներկայացրած խաղաղության ծրագրի բոլոր 28 կետերը դրվեն ապագա բանակցությունների հիմքում: Բիշքեկում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ինչպես նշել է Ռուսաստանի առաջնորդը, Ժնևում կայացած բանակցություններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի 28 կետերը բաժանել են 4 բաղադրիչի, դա փոխանցվել է Մոսկվային:

«Մենք տեսնում ենք, որ ամերիկյան կողմն ինչ-որ առումով հաշվի է առնում մեր դիրքորոշումը, որը քննարկվել է Անքորիջի հանդիպումից առաջ և հետո։ Ինչ-որ փուլում մենք հաստատ պետք է նստենք և լրջորեն քննարկենք կոնկրետ բաներ», - նշել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ քննարկումը պետք է ձևակերպի դիվանագիտական լեզվով, և ամերիկյան ծրագրի յուրաքանչյուր կետ պետք է քննարկվի: Նա հաստատել է, որ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի գլխավորությամբ, հաջորդ շաբաթ պետք է այցելի Մոսկվա:

Պուտինի խոսքով` եթե Ուկրաինայի հարցը հասնի առարկայական քննարկման, ապա Ռուսաստանի կողմից բանակցությունները կանցկացնեն ԱԳՆ ներկայացուցիչները, ինչպես նաև նախագահի օգնականներ Վլադիմիր Մեդինսկին և Յուրի Ուշակովը:

Անդրադառնալով մարտի դաշտում տիրող իրավիճակին՝ Պուտինը նշել է, որ ՌԴ ԶՈւ-ն գրոհում է ռազմական հատուկ գործողության գոտու բոլոր ուղղություններով, և զորքի առաջխաղացման տեմպերն աճում են: Ուկրաինայի զինված ուժերի կորուստները և Կիևի կողմից մարտական գործողությունների ուղարկված զինծառայողների միջև անջրպետն աճում է։ Ինչպես նշել է ՌԴ նախագահը, եթե Ուկրաինայի զորքը դուրս գա զբաղեցրած տարածքներից, ապա ՌԴ-ն կդադարեցնի ռազմական գործողությունները, իսկ եթե չհեռանան, ՌԴ ԶՈւ-ն իր խնդիրների կատարմանը կհասնի ռազմական ճանապարհով: