կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-07 15:11
Տարածաշրջան

Ժողովրդի մի մասին այրել են սեփական տներում, իսկ մյուսներին՝ նետել ջուրն ու խեղդել

Ժողովրդի մի մասին այրել են սեփական տներում, իսկ մյուսներին՝ նետել ջուրն ու խեղդել

Աղբյուրը՝ armeniangenocide100

Նահապետ Մելիքյանի վկայությունը

Մուշ

Հայոց ցեղասպանությունը վերապրած Նահապետ Մելիքյանը պատմել է Մշո գավառի Բուլանըխի գավառակի Խոշգյալդի գյուղի կոտորածների մասին:Մայիսի 17-ին իշխանությունը հրամայել է փախստական ու զինված հայերին կոտորել: Սպանել են մանր իշխանավորներին և խաղաղ բնակիչներին, կանանց ու անմեղ երեխաներին, իսկ կառավարությունը, այդ մասին լավատեղյակ լինելով, մտադրություն չուներ պատժել հանցագործներին: 500 ձիավոր շրջապատել է գյուղն ու սկսել վայրագությունները: Տղամարդկանց մեծ մասին սպանել են փախուստի ճանապարհին, իսկ մյուսներին՝ տներում: Կանանց և երեխաներին մեկ վայրում են հավաքել ու հայտարարել, թե ուղարկելու են Գերմանիա: Սակայն գեղեցիկ կանանց բռնաբարել են ու առևանգել: Ժողովրդի մի մասին այրել են սեփական տներում, իսկ մյուսներին՝ նետել ջուրն ու խեղդել:

 

Նահապետ Մելիքեան՝ ապաստանած Բաշ-Քյադիկլար գիւղում: Պատմում է.

 

«Մեր գիւղն ունէր եկեղեցի, ծխական դպրոց, բաղկացած էր 200 տունից, որից 50 տունը քիւրտեր և թուրքեր էին, հայերիս թիւը 2000 էր: Պատերազմի ժամանակ ասկեարութենից ազատուիլու համար ծառայութեան մտայ մեր միւրդիրի ատեանում՝ որպէս զապթիէ, որը գտնւում էր Լիզ գիւղում: Տաճիկ կառավարութիւնը պարբերաբար հաւաքեց իհտիյաթը, ռեդիֆը, մուստահաֆզը և ամալիան 18-45 տարեկան: Վերջիններս զէնք և ռազմամթերք էին տեղափոխում սահմանային ռազմակէտերում սայլերով, շալակով և մարդաքարշ դահուկներով ցուրտ ձմրանը: Մեր գիւղից ծանր բեռի տակ յոգնածութիւնից մեռաւ Յովհաննէսեան Մուրատը, զապթիէների ծեծով մեռաւ Մխիթար Խուրշուդեանը, նոյնպէս սպաննուեցին Մկրտիչ Միսակեանը, Գրիգոր Պետոյեանը, Արամ Աբգարեանը և ուրիշներ:


Մենք մեր գիւղի կոտորելու մասին ո՛չ մի լուր չունէինք և 1915 թ. Համբարձման օրերին մեր շրջանի Հատկոն, Լիզ, Փրքաշէն, Կողակ, Կոփ, Մոլլաքենդ, Ապրի, Գյաբոլան, Փիոնք, Բոստանքենդ, Շեխվալի, Ագրակ, Առնջիկ գիւղերը կոտորեցին: Ինչպէս մտաբերում եմ, դա մայիս ամսի 17-ին էր: Իշխանութիւնից հրամայուեց փախստական ու զինուած հայերին կոտորել: Մանր իշխանաւորները կոտորեցին և խաղաղ բնակիչներին, կանանց ու անմեղ երեխաներին, իսկ կառավարութիւնը այդ իմացաւ, տեսաւ, բայց տրամադիր չէր յանցաւորներին պատժելու: Շէխ Մամատի հրամանաւ 500 ձիաւոր շրջապատեցին մեր գիւղը ու սկսեցին իրանց վայրագութիւնները: 

Տղամարդկանց շատերին իրենց փախուստի ճանապարհին սպաննեցին, իսկ միւսներին՝ տներում: Կանանց և երեխաներին հաւաքեցին միատեղ և յայտնեցին, որ ձեզ պէտք է ուղարկենք Գերմանիա: Նա պէտք է կարգադրէ ու որոշէ ձեր ապագան: Գեղեցիկներին բռնաբարեցին և առևանգեցին:  Ժողովրդի մի մասը այրեցին տներում, մի մասին ջուրը նետեցին ու խեղդեցին:

 

Ես ծառայում էի Լիզ գիւղում ու այնտեղ էի ապրում: Այդ ժամանակ ազատ մնացի: Լիզը կոտորուեց Վարդավառին, բայց ես իմ եղբօր հետ թաքնուեցի նախօրօք պատրաստուած պահարանում ու գիշերով փախայ մեր աւեր գիւղը, այնտեղից անցայ Եոնջալու և հասայ կազակներին, որոնք ինձ ազատեցին  ու եկայ Կովկաս»:

 

1916 թ., Բաշքադիկլար

 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 454, թթ. 22 շրջ. – 23, բնագիր, ձեռագիր:

 

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 2, Բիթլիսի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 163 – 164: