Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-09-09 12:20
Քաղաքական

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. ՀՀ ապագա գլխավոր դատախազ

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. ՀՀ ապագա գլխավոր դատախազ

Այսօր ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումներ է անցկացնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար և ՀՀԿ-ի կողմից գլխավոր դատախազի թեկնածու ներկայացված Արթուր Դավթյանը: ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումից հետո նա պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի: Հավաստիացրեց, որ շարունակելու է դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Հարցին, թե ունի՞ տեսակետ այն մասին, որ Հայաստանում մարդկանց ձերբակալում են քաղաքական պատճառներով, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ Հայաստանում չեն եղել, և որ ցանկացած ձերբակալություն կամ կալանավորում իրականացվում է քրեական դատավարության օրենքով նախատեսված հիմքերով:

«Պնդում եմ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չունենք: Ես մասնագիտական առումով կարող եմ ասել, որ մինչև հիմա բոլոր այն գործերով որոշումները, որոնց կայացմանը ես մասնակցություն եմ ունեցել, կայացվել են բացառապես օրենքով նախատեսված հիմքերով: Ցանկացած անձ, ով կիրականացնի քրեական արարք, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Միևնույն ժամանակ, քրեական օրենսգիրքը սահմանում է` որևէ անմեղ անձ չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Ամեն ինչ կարվի, որ որևէ անմեղ անձ չենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ չխուսափի պատասխանատվությունից»,- ասաց Արթուր Դավթյանը:

Հարցին, թե ինչո՞ւ են որոշ դեպքերում մարդիկ ազատ արձակվում, երբ ձերբակալվել էին քրեական արարք կատարելու մեղադրանքով, նա պատասխանեց, որ ազատ արձակելը դեռ քրեական պատասխանատվության բացակայության մասին չի խոսում, այդ դեպքերում խոսքը գնում է խափանման միջոցների ընտրության մասին: