Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ելույթում ասված է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Թույլ տվեք բոլորիս անունից շնորհակալություն հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին այս պատասխանատու ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը ղեկավարելու համար: Նոր քաղաքական մշակույթի համար առանցքային է պաշտոնատար անձի կողմից պաշտոնից չկառչելու առաքինությունը, եթե այդ պաշտոնում դու արել ես առավելագույնը:
Ես բարձր եմ գնահատում վարչապետ Հովիկ Աբրահամյանի քայլը, ում գլխավորությամբ կառավարությունը վերջին երկու տարիների ընթացքում կարողացավ ապահովել տնտեսական կայունություն, զերծ պահել երկիրը արտաքին աշխարհից եկող բացասական ազդեցությունների հնարավոր հետևանք հանդիսացող ցնցումներից, իրականացվող քաղաքականության արդյունքում ապահովել տնտեսական այնպիսի ցուցանիշներ, որոնք շատ երկրներ ուրախ կլինեին ունենալ, սակայն չբավարարվելով դրանցով և մշտապես արձանագրելով, որ Հայաստանին անհրաժեշտ է ավելի բարձր և կայուն, երկարաժամկետ աճ:
Վարչապետ Աբրահամյանը փորձեց պարզ մարդկային լեզվով խոսել իր քաղաքացիների հետ, լսեց մարդկանց ու լսված եղավ նրանց կողմից: Կառա-վարությունն արեց հնարավորը երկիրը փոփոխությունների նոր փուլ տանելը նախապատրաստելու համար, ինչը հսկայական աշխատանք էր, և դա արեց հաջողությամբ: Շատ-շատ շնորհակալ եմ, պարոն Աբրահամյան: Ասեմ, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, այնպես որ մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ: Ես շնորհավորում եմ Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկն ստանձնելու կապակցությամբ:
Վճռորոշ փուլ ենք մտնում, մեծ է պատասխանատվությունն ու էական են ակնկալիքները: Վստահ եմ, որ բոլորս անվերապահորեն սատարելու ենք նրա նախաձեռնությունները: Շնորհավորում եմ և հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս»: