Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նա նշեց, որ նախկին վարչապետը թողել է բազմաթիվ սկանդալներ, որոնք կապ ունեն պաշտոնի չարաշահման հետ, մասնավորապես` օֆշորի հետ կապված սկանդալը: Պատգամավորը հարցրեց. «Ի՞նչ դիրքորոշում եք ունենալու այդ օֆշորային սկանդալը բացահայտելու գործում, արդյո՞ք պատրաստ եք Ձեր ուսերին վերցնել Տիգրան Սարգսյանի բացասական ժառանգությունը»:
Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ինքն, առհասարակ, պատասխանատվություն վերցնող անձնավորություն է, եւ վարչապետի պաշտոնին նշանակվել է` գիտակցելով դա: «Համաձայն չեմ, որ Տիգրան Սարգսյանի հետ կապված սկանդալներ են եղել: Այո, նա ունեցել է թերություններ: Մենք մեր գործունեության մեջ լինելու ենք անկեղծ, բաց ու թափանցիկ, չենք խուսափելու ասել, որ սխալներ կան, հաշվի ենք առնելու ձեր կարծիքները, բայց դա պետք է լինի երկկողմ, ոչ թե կառավարության առաջ ուլտիմատում դնելու ձևով: Ձեր խմբակցությունը հայտարարում է, որ չի ցանկանում աշխատել կառավարության հետ, դա ձեր իրավունքն է: Կուզենայի, որ այս ամբիոնը ոչ թե բռունցքների, այլ գաղափարների ամբիոն դառնա: Ես ևս հրահանգ եմ տվել հարգալից լինել բոլոր պատգամավորների հետ, նույնը ակնկալում եմ պատգամավորներից»,- ասաց վարչապետը:
Արամ Մանուկյանը արձագանքեց, որ ՀԱԿ-ի վերաբերմունքը Հովիկ Աբրահամյան անձի դեմ չէ, այլ քաղաքական դիրքորոշում է, որը կապ ունի քաղաքական իշխանության հետ: «Օֆշորի հետ կապված` Տիգրան Սարգսյանի սկանդալային պատմությունը կապված էր նրա պաշտոնի հետ: Հիմա Ձեր գնահատականները չեն վերաբերում Տիգրան Սարգսյան անձին, այլ` պաշտոնին: Ինչպիսի՞ն կլինի Ձեր վերաբերմունքը, Ձեր պատասխանից շատ բան է կախված»,- ասաց պատգամավորը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, որ օֆշորի վերաբերյալ որևէ իրավական կառույց գնահատական է հնչեցրել, և եթե որևէ իրավական կառույց որևէ հիմնավորում հնչեցներ, ապա իր գնահատականը, իհարկե, բացասական կլիներ:
«Վարչապետը պետք է աշխատի թափանցիկ: Դա պետք է լինի իմ սկզբունքը, ասելու ենք այն, ինչ անելու ենք: Առաջիկայում ներկայացնելու ենք իրատեսական ծրագիր, գրելու ենք քիչ, անելու ենք շատ: Կոչ եմ անում բոլորին` անձնական ամբիցիաները դնել մի կողմ, համախմբվել ու համատեղ լուծում տալ մեր երկրի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներին: Ակնկալում ենք բոլորիդ աջակցությունը նորանշանակ վարչապետի գործունեությանը»,- ասաց վարչապետը: