կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-06 14:40
Առանց Կատեգորիա

Փաստաթղթերը սենյակներից մեկի դարակում են

Փաստաթղթերը սենյակներից մեկի դարակում են

Անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմական փոխօգնության մասին պայմանագրին, որը, հիշեցնենք, ապրիլյան պատերազմից հետո ՀՀ նախագահը հանձնարարել էր նախապատրաստել, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, թե նախագիծն արդեն պատրաստ է: «Բայց դա Արցախի եւ Հայաստանի բարձագույն ղեկավարության որոշելու հարցն է»,- հավելել է նա՝ պատասխանելով հարցին, թե եթե պատրաստ է, ինչո՞ւ չի վավերացվում:

Հասկանալի է, որ փոխարտգործնախարարը չի խոսել, թե Արցախի եւ Հայաստանի բարձրագույն ղեկավարները ե՞րբ են որոշելու ստորագրել այս պայմանագիրը, կամ ինչո՞ւ մինչեւ հիմա, հենց հիմա չեն որոշում դա անել: Այսինքն` ի՞նչ պետք է լինի, որ անեն…Հիշեցնեմ, որ երբ նախագահ Սարգսյանը հայտարարեց պայմանագրի ստեղծման անհրաժեշտության մասին, նշեց, որ Հայաստանը գնում է այդ քայլին, քանի որ Ադրբեջանը դիմում է արկածախնդրության, ռազմական ագրեսիայի, ավելին` Հայաստանին այլընտրանք չի մնում, քան Արցախի հետ ռազմական փոխօգնության համաձայնագիր ստորագրելը: Բա ի՞նչ պատահեց: Ադրբեջանը դարձյա՞լ պետք է ռազմական արկածախնդրության դիմի, որը, ինչպես ցույց տվեց ապրիլը, մեզ համար կարող է անակնկալ լինել` ողբերգական երանգներով լեցուն, որ նոր վավերացնենք այդ պայմանագիրը: Եթե` ոչ, ապա ինչո՞ւ ոչ հիմա: Կստիպենք Ադրբեջանին ռազմական ագրեսիայի դիմե՞լ: Էհ, ինչի, որ չենք ստիպում, չի դիմո՞ւմ, օրինակ` ապրիլին մենք էի՞նք ստիպել, որ դիմեց…

Մյուս կողմից` ի՞նչ է տալու Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության պայմանագիրը: Տրամաբանական է, որ նման պայմանագրով Հայաստանը կունենա իրավական հիմք անհրաժեշտության պարագայում Արցախ ուղարկելու իր ունեցած կամ իրեն հանձնված զինամթերքն ու ռազմական տեխնիկան: Ընդ որում` դա կարող է անել ոչ թե ռազմական հնարավոր գործողությունների ժամանակ Արցախ տանող միակ ճանապարհով, որի որոշ հատվածներով մարդն է դժվարանում անցնել, էլ ուր մնաց` տեխնիկան, այլ ավելի հանգիստ իրավիճակում, այսինքն` այնպես, որ եթե Ադրբեջանը դիմի ռազմական ագրեսիայի, տեխնիկան արդեն Արցախում լինի, ինչն, անշուշտ, կարող է զսպել Ադրբեջանին, որ չդիմի ռազմական ագրեսիայի: Սա Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության պայմանագրից ակնկալիքներից մեկն է, եւ սա նշանակում է, որ Արցախում հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման պարագայում  Հայաստանն այսօր իրավական հիմք չունի Արցախ տանելու տեխնիկա: Եթե պայմանագիրը լինի` ունի: Հիմա էլ ունի, հիմա էլ ոչ ոք Հայաստանին չի կարող ասել, թե` այդ ի՞նչ ես անում, բայց պայմանագրի առկայության պարագայում Հայաստանին ոչ ոք չի կարող ասել` այդ ի՞նչ ես անում, անգամ` դատարանում:

Այս նախագիծն այսօր պատրաստ է, հավանաբար` ԱԳՆ-ի նոր, գեղեցիկ շենքի հարկերից մեկի սենյակներից մեկի դարակներից մեկում է,  այլ նման փաստաթղթերի հետ, որոնցից մեկի վրա, ասենք, գրված է՝ «Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին», մյուսի վրա էլ՝ «Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության վերամիավորման մասին» եւ այլն… Եթե մենք լուրջ պետություն ենք, իսկ մենք, կարծում եմ, լուրջ պետություն ենք, այս փաստաթղթերն արդեն իսկ պետք է պատրաստ լինեն /ոչ թե ըստ անհրաժեշտության պատրաստվեն/ եւ, անշուշտ, բաց թողնված էջերով, քանի որ ժամանակի ընթացքում դրանք կարող են լրացվել…

Մի խոսքով` փաստաթղթերը կան, որոնց վավերացնելու ժամանակն ուղղակի դեռ չի եկել, պետք է սպասենք: Գոնե ասեն, թե ինչի՞ն: Օրինակ` կարելի էր պաշտոնապես հայտարարել, որ Արցախի հետ ռազմական փոխօգնության համաձայնագիր կստորագրվի այն պարագայում, երբ կիրականացվի Երեւան-Ստեփանակերտ առաջին չվերթը: Մարդիկ էլ կհասկանային, թե երբ պետք է այդ պայմանագիրը վավերացվի, իսկ շատ բան իմացող եւ շատ բանի հետեւող մարդիկ կհասկանային, որ հազիվ թե վավերացվի…տեսանելի ապագայում: Ոչինչ չեն ասում, եւ տպավորություն է ստեղծվում, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումն արագացնում է Ադրբեջանը՝ իր պարբերական ռազմական արկածախնդրություններով, քանի որ միայն դրանցից հետո է Հայաստանը հայտարարում, թե` «հեսա տեսեք` ինչ եմ անելու, թող հըլը Բաքուն մի անգամ էլ դիմի ռազմական արկածախնդրության…»: Արժե՞ որ… Ինչպես ասում է ՀՀ փոխարտգործնախարարը՝ «Արցախի եւ Հայաստանի բարձրագույն ղեկավարության որոշելու հարցն է»:

Հովիկ Աֆյան