կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-05 16:43
Քաղաքական

Քոչարյանի ժամանակ Ադրբեջանն իրեն երբեք այդքան լկտի ու սանձարձակ չի պահել. Ստեփան Մարգարյան

Քոչարյանի ժամանակ Ադրբեջանն իրեն երբեք այդքան լկտի ու սանձարձակ չի պահել. Ստեփան Մարգարյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանը անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` երեկ տված հարցազրույցին, որում նա խոսել է ԼՂ կարգավորման, ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության մարտահրավերների մասին:

Ստեփան Մարգարյանի համոզմամբ` դա մի մարդու հարցազրույց էր, որը շատ լավ գիտի երկիրը, 10 տարի ղեկավարել է այն, ու դրանից առաջ էլ ԼՂՀ նախագահ է եղել, ուստի խնդիրների մասին ավելի լավ, քան նա, որևէ մեկը չէր կարող պատկերացում ունենալ:

«Ռոբերտ Քոչարյանն իր անհանգստություններն է հայտնել Հայաստանի ու Արցախի առաջ կանգնած մարտահրավերների մասին, և նրա տեսակետները ապրելու իրավունք ունեն»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, որ Քոչարյանի հարցազրույցը միշտ բացասական ալիք է առաջ բերում, Ստեփան Մարգարյանը չհամաձայնեց` ասելով, որ հասարակության մեջ ինքը որևէ բացասական ալիք չի տեսնում, և որ բացասական ալիքը առկա է միայն ուղղորդված մամուլում: Այն բանին, որ հասարակությունը քննարկում է նաև Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին թույլ տրված սխալները, Ստեփան Մարգարյանն այսպես արձագանքեց. «Իհարկե, նրա կառավարման տարիներին բացասական բաներ եղել են: Բայց եթե ինչ-որ ժամանակ ինչ-որ վատ բաներ են եղել, դա չի նշանակում որ հիմիկվա վատ բաները պետք է արդարացնել այն ժամանակվա վատ բաներով: Լավ, կրա՞կն ենք ընկել, որ ինչ-որ ժամանակ ինչ-որ վատ բան է եղել: Հիմա պետք է բոլորը վատ բա՞ն անեն»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց, որ Քոչարյանի կառավարման ժամանակ նաև լավ բաներ են եղել, օրինակ` այն ժամանակ Ադրբեջանը երբեք այդքան լկտի ու սանձարձակ չի պահել իրեն, ինչպես հիմա է պահում, այն ժամանակ ռիսկ չի արել հարձակվել Արցախի վրա, և որ այն ժամանակ հայությունն այդքան վտանգված չի զգացել իրեն, ինչպես հիմա: Ըստ Մարգարյանի` ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այսպես չի կարող շարունակվել, և համակարգային փոփոխությունները օդի պես անհրաժեշտ են, ու դա դարձել է համազգային պահանջ:

«Հենց Ռոբերտ Քոչարյանը խոսում է, բոլորը դա կապում են քաղաքականություն վերադառնալու հետ և ինձ հարցնում` վերադառնո՞ւմ է, թե՞ ոչ: Ես չգիտեմ այդ հարցի պատասխանը: Նա քաղաքական գործիչ է, ով մեծ ավանդ ունի Հայաստանի քաղաքական կյանքում և կարող է հայտարարել քաղաքականություն վերադառնալու կամ չվերադառնալու մասին»,- ասաց նա:

Իսկ թե հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը «Համախմբում» կուսակցության միջոցով փորձի վերադառնալ, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Սպասենք, կտեսնենք, ես ճիշտ չեմ համարում ենթադրությունների տեսանկյունից խոսելը: Մենք ստեղծել ենք կուսակցություն, որի ղեկավար մարմիններում պարոն Քոչարյանը չկա: Եթե համագործակցության մասին եք խոսում, ապա Ռոբերտ Քոչարյանը չի հայտարարել այն մասին, որ վերադառնում է քաղաքականություն, որ մենք էլ քննարկենք համագործակցելու հարցը: Կլինի՞ նման հայտարարություն, մենք դա մեր կուսակցությունում կքննարկենք»: