կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-18 20:28
Քաղաքական

Իրենց լկտի են պահել. Ռուբեն Հակոբյան

Իրենց լկտի են պահել. Ռուբեն Հակոբյան

Հանձնաժողովի նախագահին օրենքի դաշտ հրավիրելը համարվում է ահաբեկե՞լ. yerkir.am-ի հետ զրույցում զարմանք հայտնեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչ եւ վստահված անձ Ռուբեն Հակոբյանը:

 

Հիշեցնենք, որ այսօր` 18:00-ի սահմաններում Ռուբեն Հակոբյանին Գյումրիի ոստիկանությունը բերման էր ենթարկել, երբ վերջինս ընտրախախտումները կանխելու նպատակով վիճել էր ԱԺ հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ: Սուքիաս Ավետիսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, թե Ռուբեն Հակոբյանը «իրեն ճիշտ չի պահել» եւ ահաբեկել է հանձնաժողովի անդամներին: Նույնը կրկնել էր նաեւ Գյումրիի երկաթգծի տեխնիկումում տեղակայված 34/36 հանձնաժողովի նախագահ Մխիթար Սարգսյանը:

 

«Նախահարձակ են լինում»,- մեզ հետ զրույցում արձագանքեց Ռուբեն Հակոբյանը իր հասցեին հնչած մեղադրանքներին: «Սուքիաս Ավետիսյան կոչվածը բոլոր ընտրությունների ժամանակ է նույն կեցվածքն ընդունել: Ինքը փորձեց ահաբեկել ինձ, թե՝ Գյումրիից կենդանի դուրս չես գա: Բնականաբար, ծիծաղելի էր, հումորով վերաբերվեցի: Մանավանդ որ` վերադարձել եմ տեղամաս, իսկ ինքը չգիտեմ ուր է»,- ասաց Ռուբեն Հակոբյանն ու հավելեց. «Այս հանձնաժողովի նախագահը եւ դիտորդական առաքելության անվան տակ հանդես եկող «Ժողովրդավարության ակադեմիա» կազմակերպության ներկայացուցիչները ուղղակի խուլիգանության են վերածել ընտրության ընթացքը: Ընտրախախումների հիմնական կազմակերպիչը Սուքիաս Ավետիսյանն է, եւ այս դեպքում, պետք է օգտագործեմ այդ բառը՝ անթաքույց լկտիորեն է գործում նաեւ հանձնաժողովի նախագահը, որին օրենքի դաշտ հրավիրելը դիտվում է իմ կողմից ահաբեկել»:

 

Հարցին, թե` ի՞նչ ընտրախախտման մասին է խոսքը, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Դիտորդները՝ երկու երիտասարդներ, այդ նույն դիտորդական կազմակերպությունից, գրեթե բոլոր տեղամասերում կան, արձանագրում են, թե ցուցակում որ համարի ներքո գրանցված ընտրողն է գալիս քվեարկության եւ միանգամից տվյալները փոխանցում են դուրս՝ SMS-ով ու զանգով: Հասկանալի է նպատակը, եւ ես փորձեցի կանխել հակաօրինական արարքը»: