Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ նախարարն այցելել է նաև Գյումրիի սպանդանոց, որը ներկայումս վերակառուցման փուլում է: Ընդգծելով, որ սպանդանոցների կառուցումն այսօր մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ խնդիրներից մեկն է, քանի որ դրանով իսկ հնարավոր կլինի սպառողներին ապահովել անվտանգ ու որակյալ մսով ու մսամթերքով` նախարարը պատրաստակամություն է հայտնել համապատասխան ներդրումների դեպքում աջակցություն ցուցաբերել սպանդանոցի` նորագույն տեխնոլոգիաներով վերազինման հարցում:
Նախարարի հաջորդ կանգառը Կառնուտ համայնքում էր, որտեղ նա դիտարկել է կարտոֆիլի ցանքերը ու տեղեկացել արձանագրված արդյունքների մասին: Կարտոֆիլի և ցորենի սերմացուի արտադրությամբ զբաղվող «Գաբոյան Մուշեղ» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Գաբոյանի խոսքով` այս տարի ընկերությունում մշակվել է մոտ 30 հեկտար ցորեն և 40 հեկտար կարտոֆիլ, նա նույնպես հավաստիացրել է, որ ընթացիկ տարին նպաստավոր է բերքի համար, բերքատվության բարձրացման նպատակով ընկերությունը յուրաքանչյուր տարի արտերկրից ձեռք է բերում նոր բարձր բերքատու սորտերի տնկանյութ: Նա նշել է նաև, որ այս տարի կարտոֆիլի ցանքատարածությունների մեկ հեկտարից միջինը 400 ցենտներ բերք է ստացել:
Այցելության վերջին կանգառը Բասեն համայնքում էր, որտեղ նախարարը եղել է արոտօգտագործողների կոոպերատիվում, ծանոթացել պետական աջակցության ծրագրով ստացված գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետությանն ու հնարավորություններին, զրուցել կոոպերատիվի անդամների հետ:
Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանը նշել է, որ կոոպերատիվը ստեղծվել է 2011 թվականին, ունի 149 անդամ, և իր գործունեության 5 տարիների ընթացքում ունեցել է բավականին գոհացուցիչ ձեռքբերումներ: Այցի ընթացքում նախարարը հետևել է նաև կոոպերատիվի կողմից վերջերս շահագործման հանձնված լոլիկի ջերմոցում իրականացվող աշխատանքներին: