կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-11 17:08
Հասարակություն

«Թաքնված» արագաչափերի, ճանապարհային նշանների և լուսացույցերի հետքերով

Վերջերս, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, աշխատանքից ազատվեցին ոստիկաններ, ովքեր ծառայության ընթացքում Երևան-Սևան ավտոմայրուղու՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղ տանող խաչմերուկի հատվածում դարանակալել էին գաճաճ թփերի հետևում, որպեսզի տեսանելի չլինեն անցնող տրանսպորտային միջոցների վարորդներին:

Պարզվում է՝ Հայաստանում թաքնվող ավտոտեսուչներին ոչնչով չեն զիջում որոշ հատվածներում տեղադրված արագաչափ սարքերն ու ճանապարհային նշանները: Ճանապարհների որոշ հատվածներում վարորդների համար դժվար տեսանելի, որոշ տեղերում` անգամ ոչ տեսանելի արագաչափերի, լուսացույցերի ու ճանապարհային նշանների առկայությունը ստեղծում է բոլոր նախադրյալները  վարորդներին խախտման դրդելու և անարգել տուգանելու համար:

Շատ դեպքերում արագաչափերի, լուսացույցերի կամ նշանների ոչ տեսանելի լինելը պայմանավորված է բնական գործոնով, երբ թփերը կամ ծառերի սաղարթը ծածկում են սարքավորումները, քիչ չեն նաև արհեստական գործոնով պայմանավորված դեպքերը՝ գովազդային վահանակների ձողեր և այլն:

ՀՀ կառավարության որոշմամբ` հստակ սահմանված են ճանապարհային լուսացույցերին և նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները: Մասնավորապես` որոշման մեջ հստակ նկարագրված է, որ լուսացույցերն այնպես պետք է տեղաբաշխել, որպեսզի դրանք ընկալվեն երթևեկության մասնակիցների կողմից, չծածկվեն որևէ խոչընդոտով (գովազդ, կանաչ տնկիներ, ծառերի ճյուղեր, արտաքին լուսավորության հենասյուներ և այլն), ապահովեն սպասարկման հարմարավետությունը և բացառեն դրանց վնասվելու հավանականությունը: Նույն որոշման համաձայն՝ ճանապարհային նշանները պետք է տեսանելի լինեն երթևեկության մասնակիցների համար (օրվա լուսավոր և մութ ժամերին), չփակվեն որևէ խոչընդոտով (գովազդ, կանաչ տնկիներ, ծառերի ճյուղեր, արտաքին լուսավորության սյուներ և այլն), և վարորդները դրանք նկատեն հեշտությամբ ու ժամանակին:

ՃՈ ղեկավարությունը նոր արագաչափերի տեղադրման անհրաժեշտության մասին խոսելուց առաջ լավ կլիներ նախ «հայտնաբերեր» «թաքնված» արագաչափերը, նշաններն ու լուսացույցերը: Նմանատիպ դեպքերը շատ են, և թաքնված «գանձերը» գտնելը բարդ չէ. դրանք ամենուր են՝ հանրապետության հեռու և մոտիկ ավտոճանապարհներին:

Yerkir.am-ի տեսախցիկը ֆիքսել է Երևանում և հանրապետության տարբեր ճանապարհներին առկա` «թաքնված» արագաչափերի, նշանների ու լուսացույցերի մի քանի օրինակ: