|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարություն է տարածել Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների առնչությամբ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ընդգծելով, որ քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է՝ մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին: Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում տեղի ունեցած դեպքերից տուժողներին մաղթում ենք արագ և լիարժեք ապաքինում:
Մտահոգությամբ ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները՝ իշխանություններին կոչ ենք անում հարգել համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաև բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների առնչությամբ:
Միաժամանակ, ցուցարարներին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում:
Ի գիտություն ընդունելով նաև մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված հայտարարությունները՝ հորդորում ենք լիարժեք հետաքննություն կատարել ոստիկանների կողմից իրականացված բոլոր իրավախախտումների մասին հաղորդումների առնչությամբ, այդ թվում` նրանց կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի և իրավապաշտպանների և բուժօգնության մերժման առնչությամբ»: