Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իր տեղակալ Յուրի Քիմի հայտարարություններին, որ Լեռնային Ղարաբաղում զինված ուժի կիրառումն անընդունելի է՝ այդ ուժը կիրառվել է, և ԱՄՆ-ն դիտարկում է, թե ինչը կարող է պատշաճ արձագանք լինել դրան:
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այդ մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Յուրի Քիմը հայտարարել է, որ ԼՂ-ում ուժի կիրառումն անընդունելի է, սակայն Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիայի է դիմել:
«Նույն բանն ասվել է պետքարտուղար Բլինքենի կողմից: Բայց այդ ուժը կիրառվել է: Եվ մենք դիտարկում ենք, թե ինչը կարող է լինել պատշաճ արձագանք դրան: Ինչպես պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը նշեց՝ մենք վերանայում ենք մեր անվտանգային աջակցությունը, բայց ես որևէ եզրահանգում չեմ ուզում ներկայացնել այս պահին ԱՄՆ արտաքին քաղաքականության և արձագանքի վերաբերյալ»,-ասաց Փաուերը:
Պաշտոնյան հստակեցրեց՝ դիտարկում են վերջին իրադարձություններին արձագանքի ընդհանուր շրջանակ: «Եվ ամենակարևորը՝ մենք ուզում ենք, որ հրադադարը պահպանվի, որ մարդիկ կարողանան դուրս գալ ԼՂ-ից, եթե դա իրենց ընտրությունն է, և իրենց իրավունքները, արժանապատվությունն ապահովված լինեն»,-ասաց Փաուրեը:
Նա չնշեց, թե ԱՄՆ-ն ինչ գործիքներ կարող է կիրառել այս հանգամանքների համատեքստում՝ վստահեցնելով, որ իրենց տրամադրության ներքո ունեն բավականին գործիքներ: «Վաշինգտոնում շատ բարձր մակարդակում քննարկումներ ընթանում են, թե որոնք կլինեն համարժեք գործողություններ»,-նշեց նա։