կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-19 20:56
Հասարակություն

Տեղի ունեցավ զինված հարձակման հետևանքով սպանված ոստիկանի հոգեհանգստյան արարողությունը. Լուսանկարներ

Տեղի ունեցավ զինված հարձակման հետևանքով սպանված ոստիկանի հոգեհանգստյան արարողությունը. Լուսանկարներ

 Աբովյան քաղաքի տասներորդ փողոցի թիվ քսան բնակարանում այսօր տեղի ունեցավ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդում զինված խմբի անդամների հետ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստյան արարողությունը, որին ներկա էին Վանոյանի հարազատները, ընկերները, հարևաններ, մտերիմներ, պարզապես քաղաքացիներ, ինչպես նաև՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ գնդապետ Վանոյանը զոհվել է հուլիսի 17-ին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս: Yerkir.am-ի հետ զրույցում Վանոյանի բարեկամներից Արմեն Առաքելյանը նշեց, որ ամբողջ Աբովյան քաղաքն ու Վանոյանին ճանաչողները կարող են փաստել, որ նա եղել է լավ մարդ, լավ ոստիկան, ընտանիքին նվիրված ու բարեխիղճ անձնավորություն: «Նա իր գործին շատ նվիրված էր, ազնիվ, բարեխիղճ, առաքինի անձնավորություն էր, կյանքում ոչ մեկի հավին քշա չի արել, մեծատառով մարդ էր՝ ընտանիքի և հասարակության համար: Դեպքի օրն էդ մարդն իր գործն է կատարելուց եղել: Դա էլ էր իր օջախը, բա օջախի, տան վրա գան զենքով հարձակվե՞ն, դա ճի՞շտ բան ա, չէ, դա սխալ է»,- ասաց մեր զրուցակիցը:

Վանոյանի ծառայակից ընկերներից, ոստիկանության Կենտրոնի բաժնի ոստիկան Ալբերտ Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ զոհված ընկերը լավ մարդ էր, լավ մասնագետ ու իր գործի նվիրյալ: Արթուր Վանոյանի բարեկամներից մեկն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ ԱՄՆ-ում գտնվող իրենց հարազատները պետք է ժամանեին Հայաստան, որ մասնակցեին Վանոյանի որդու հարսանեկան արարողությանը, որը պետք է տեղի ունենար դեպքի հաջորդ օրը, մինչդեռ բախվեցին դառն իրականությանը ու ուրախ առիթի մասնակցելու փոխարեն դժբախտության են ականատես եղել: Նշենք նաև, որ գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը: