կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-06-23 13:17
Առանց Կատեգորիա

Ուշադիր լսել թշնամուն

Ուշադիր լսել թշնամուն

Մենք ամեն օր պետք է աշխատենք թշնամուց ավելի հզոր դառնալու ուղղությամբ, ընդ որում` հզոր` չի նշանակում միայն զինանոցի համալրում, հզոր` նշանակում է նախ եւ առաջ բարեկեցություն եւ ժողովրդավարություն: Անո՞ւմ ենք, իմ կարծիքով` ոչ, չենք անում, ընդ որում` երբ ասում եմ՝ չենք անում, չի նշանակում, որ չեն անում, նշանակում է, որ չենք անում` բոլորս եւ յուրաքանչյուրս, համենայն դեպս` բավարար չափով: Իսկ պե՞տք է, որ մենք, նկատի ունեմ՝ բոլորս, անկախ նրանից, թե ինչ կրթություն ունենք, ունե՞նք կրթություն, թե՞ ոչ, աղջի՞կ ենք, թե՞ տղա, դուխո՞վ տղա ենք, թե՞ պապան ոնց ասի, ու ինչն ավելի վատ է՝ մաման ոնց ասի դեմքի արտահայտությամբ,  տեղեկանանք, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ են խոսում, մտածում, զգում մեր թշնամի երկրում: Իմ կարծիքով` այո, պետք է, որովհետեւ` երբ մենք այս ամենի մասին տեղեկացված չենք, իսկ տեղեկացված չենք, քանի որ ոմանք առանց իմանալու, թե ինչ է քարոզչական պատերազմը, քարոզչական պատերազմ են վարում՝ դրա կանոնները պարտադրելով, մենք մեր թշնամու մասին ոչինչ չենք իմանում, մեր թշնամուն չենք իմանում, ինչի արդյունքում էլ մեր թշնամուն չենք հաղթում, համենայն դեպս` այնպես, որ նա իրեն պարտված զգա:

Երկու խոսք քարոզչական պատերազմի մասին. տիկնա'յք եւ պարոնա'յք, սա այն չէ, որ Ադրբեջանը պետք է մի բան ասի, իսկ մենք այդ մասին լռենք, սա այն է, որ մեր խոսքն ավելի հասանելի, հասկանալի ու փաստարկված պետք է լինի, քան Ադրբեջանինը, իսկ դրա համար մենք նախ պետք է իմանանք, թե ինչ է ասում Ադրբեջանը: Մենք ավելի բարձր պետք է խոսենք, ավելի շատ տեղերում ու հաճախ պետք է խոսենք, Իտալիայում իտալերեն պետք է խոսենք, Լեհաստանում՝ լեհերեն, Իրանում՝ պարսկերեն, Անգլիայում՝ անգլերեն, ԱՄՆ-ում էլ` անգլերեն, բայց` պարտադիր ամերիկյան սլենգով: Իսկ թշնամու խոսքը մեր հասարակությունից թաքցնելը, այն էլ` այս դարում, մի տեսակ ծիծաղելի է, ծիծաղելի եւ վտանգավոր, քանի որ եթե մեր ազատագրված հողերի բնակիչը չի տեղեկացվում, թե ի՞նչ է ասել Ադրբեջանը իր իսկ հայրենի բնակավայրի վերաբերյալ, ապա նա, զգոնությունը կորցրած, ապրում է, իսկ երբ թշնամուն սահմանակից բնակավայրերում, զգոնությունը կորցրած, ապրում են, դա ազգային անվտանգության հարց է:

Ուրեմն պե՞տք է տեղեկացնել: Նրանք, ովքեր պնդում են, թե պետք չէ, գտնում են, թե, իրենց հորինած քարոզչական պատերազմի սկզբունքներին համաձայն, երբ սովորական մարդն իմանում է թշնամու հայտարարությունների մասին, դրանով թշնամու խոսքին սկսում է հավատալ, ինչն էլ առաջ է բերում ներքին անվստահություն, սրա հետեւանքով էլ` վախ: Բայց, հարգելինե'րս, թշնամու խոսքը ներկայացնելը նրա խոսքին հավատալու պատգամ կամ կոչ չէ, զգուշացում է, զգոնության կոչ է, թշնամուն հերթական անգամ` «առը հա քեզ» ասելու առիթ է, այսինքն` դուք իրո՞ք կարծում եք, որ երբ մեր բնակիչներն իմացել են, թե ինչ է ասել Նովրուզ Մամեդովը, հավատացել են նրան եւ հիմա վախից... Ես այդպես չեմ կարծում, ես կարծում եմ, որ երբ Արցախում ապրող հայ գյուղացին իմացել է Մամեդովի վերջին հայտարարության մասին, մի երեք հարկանի ուշունց է տվել` չմոռանալով Մամեդովի տատիկին եւ պապիկին: Ուրեմն ո՞րն է խնդիրը մանավանդ, որ Մամեդովը սովորական ադրբեջանցի չէ: Նրա խոսքը կարեւոր է, ոչ թե արժանահավատության առումով, այլ` թշնամու տրամադրություններն ու նպատակները հասկանալու: Ու թշնամու ջրաղացին, իմ խորին համոզմամբ, ջուր են լցնում ոչ թե նրանք, ովքեր մամեդովների խոսքն են հաղորդում մեզ, այլ նրանք, ովքեր անմիջապես մամեդովների պորտը տեղը չեն դնում պատասխան պաշտոնական հայտարարությամբ:

Այս առումով, Մամեդովի վերջին հայտարարության հետ կապված, ոչ ոք թշնամու ջրաղացին ջուր չլցրեց, քանի որ մեր հասարակությունը հերթական անգամ հայհոյեց Մամեդովին, իսկ մեր ԱԳՆ-ն արագորեն պատասխանեց նրան` նշելով, որ ստում է:

Ուրեմն ո՞րն է ճիշտը, թշնամու խոսքը ներկայացնե՞լը, թե՞ «մեր արեւելյան սահմաններից այն կողմ մարդ չկա» վտանգավոր գիտակցությամբ ապրելը՝ ինտերնետի այս դարում...

Այլ հարց է, որ մեր սովորական մարդիկ, լսելով թշնամուն, կարող են սխալ մեկնաբանել նրա ասածները, բայց, կներեք, այստեղ մեղավորը ոչ թե նրանք են, ովքեր հաղորդում են թշնամու խոսքը, նրա տրամադրությունն ու տրամադրվածությունը, այլ նրանք, ովքեր թշնամուն չեն արձագանքում՝ ճիշտ մեկնաբանելով, կամ ուշ են արձագանքում... Այնպես որ` թշնամուն լսել պետք է եւ դա ուշադիր անել է պետք, իսկ մերոնց պետք է հավատալ, բայց ավելի պետք է ինքներս մեզ հավատանք: Միայն այդ դեպքում մենք թշնամուն ոչ մի շրջան չենք տա:

 

Հովիկ Աֆյան

Հ.Գ. Yerkir.am-ը երեկ Նովրուզ Մամեդովի խոսքերը բառացիորեն չթարգմանեց եւ տեղադրեց, փոխարենը վերլուծեց ընդհանուր իրավիճակը` սթափ եւ սառը գնահատականներով ներկայացրեց փաստերը: Դա եւս աշխատելու տարբերակ է` գլուխը ջայլամի պես հողի մեջ մտցնելուց եւ ոչինչ չնկատելուց նախընտրելի տարբերակ: