կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-22 16:31
Հասարակություն

«Սինոփսիս»-ը երբեք թույլ չի տա քաղաքականություն կառուցել անորակ կրթական արդյունքի վրա

«Սինոփսիս»-ը երբեք թույլ չի տա քաղաքականություն կառուցել անորակ կրթական արդյունքի վրա

Գրքային գիտելիքները շատ կարևոր են, բայց դրանք չեն կարող տալ այն ամենը, ինչ պրակտիկայում ես սովորում. yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց 20-ամյա Արմինե Առաքելյանը, ով սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Նա տեղափոխվում է 4-րդ կուրս և արդեն մեկ տարի է, ինչ հաճախում է «Սինոփսիս Արմենիա»:

«Մեր բուհը հնարավորություն է տալիս, որ, 3-րդ կուրսից սկսած, դասերն ընթանան «Սինոփսիս»-ում, ինչը շատ կարևոր է, քանի որ կարողանում ես պրակտիկայում կիրառել գիտելիքներիդ: Ես, օրինակ, ուզում եմ ֆիզիկական չիպերի նախագծման մեջ խորանալ և հետագայում անպայման մագիստրատուրա էլ եմ դիմելու, քանի որ աշխատանքի հեռանկարներ կան հենց «Սինոփսիս»-ում»,- ասաց Արմինեն:

Նրա կարծիքով` IT ոլորտը շատ կարևոր է, առանց այս ոլորտի` ոչ մի բան չի կարող զարգանալ: Ավելին` Հայաստանում, Արմինեի հավաստմամբ, գնալով ավելի է զարգանում ոլորտը: «Շատերը մտածում են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այնքան էլ աղջկա գործ չէ, բայց իրականում աղջիկները շատ լավ կարողանում են գլուխ հանել այդ ամենից»,- ասաց նա:

Այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելեց «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Նախարարը եղավ ընկերության գիտաարտադրական կենտրոնում և ուսումնական դեպարտամենտում, զրուցեց ուսանողների հետ, ինչպես նաև հանդիպեց ՏՀՏ գործատուների միության խորհրդի հետ:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը դոմինանտ դեր ունի, այսինքն` ոլորտը միշտ պետք է համալրված լինի որակյալ կադրերով, հակառակ դեպքում` այն կարևորությունը, որ Հայաստանում ունի ոլորտը, ուղղակի կկորչի: «Այսինքն` եթե մենք չկարողանանք  այնպիսի կրթական ծրագրեր ունենանք, որի միջոցով ուսանողները բուհն ավարտելուց հետո անմիջապես կարող են պահանջարկված լինել մասնավոր ընկերության կողմից, ապա մեր հիմնական գերխնդիրը կատարած չենք լինի: «Սինոփսիսը» 10 տարուց ավել է` կրթական ծրագրեր է իրականացնում Հայաստանում տեխնիկական ուղղվածության համալսարանների հետ»,- ասաց Մուսայելյանը:

Նա նշեց, որ բուհերի հետ համագործակցության ժամանակ 2 մոդել են կիրառում` առաջինը, երբ բուհն ինքն է գալիս ինդուստրիա, և սա ընկերությունն իրականացնում է պոլիտեխնիկի հետ, այսինքն` ուսումնական պրոցեսը, որը 4 տարի է` 2 տարի բակալավրիատում և 2-ը` մագիստրատուրայում, իրականացվում է «Սինոփսիս»-ում: Այս պահին պոլիտեխնիկից 200 ուսանող է սովորում ընկերությունում, որից հետո, Մուսայելյանի հավաստմամբ, նրանց գերակշիռ մասը ստանում է տեղում աշխատելու հնարավորություն: Բուհերի հետ համագործակցության մյուս մոդելն այն է, երբ ինդուստրիան է գնում համալսարան` «Սինոփսիս»-ն ամբիոններ է բացել Սլավոնական համալսարանում, ԵՊՀ-ում, Եվրոպական ակադեմիայում:

«Արդյունքում` տարեկան 100 շրջանավարտ ենք ունենում, որոնք պահանջված են ոլորտում: Մեր կրթական ծրագրերը ոչ միայն լոկալ բնույթ են կրում և օգտագործվում համալսարաններում, այլ նաև զարգացած երկրներում` Չինաստանում, Հնդկաստանում: Մենք նաև ուսանողներ և աշխատակիցներ ենք ունենում այլ երկրներից»,- ասաց Մուսայելյանը:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ նշեց, որ եթե ուզում ենք Հայաստանում ունենալ լուրջ գիտություն և գիտելիքահեն տնտեսություն, միակ ճանապարհը նմանատիպ կլաստերների ստեղծումն է: Այն, ինչ անում է «Սինոփսիսը», ըստ նախարարի, հսկայական աշխատանք է:

«Մենք պետք է հասկանանք` մեր ազգային կրթահամակարգի առջև ինչ խնդիր է դրված` հիմնականում ավելի ընթացիկ, պրիմիտիվ, գործնական տեխնոլոգիաների վրա հիմնված կրթական համակա՞րգ ենք ձևավորում, թե՞ մեր կրթական համակարգն իր մեջ պետք է ներուժ ունենա` լուծելու շատ խոր ինժեներական և գիտական հարցեր: Մենք պետք է կարևորենք բազային կրթությունը: Նույն «Սինոփսիս»-ն գործընկեր բուհեր է ընտրել նրանց, որոնք բազային կրթության վրա են հիմնված: «Սինոփսիս»-ի դեպքում գործ ունենք համաշխարհային ճանաչում ունեցող ընկերության հետ, որը երբեք թույլ չի տա անորակ կրթական արդյունքի վրա քաղաքականություն կառուցել»,- ասաց նախարարը` հավելելով, որ, ցավոք, նման օրինակները Հայաստանում դեռ շատ չեն:

Մկրտչյանի խոսքով` պետք է ամեն ինչ անել, որպեսզի գիտություն-համալսարան-բիզնես կապն ուժեղանա և դառնա գործնական: «Մեր գործարարները դեռևս այն ներուժը չունեն, որ կարողանան «Սինոփսիս»-ի նման ծրագրեր իրականացնել, բայց կարող ենք սկիզբ ձևավորել և ունենալ գիտակրթական կլաստերներ: Մենք հիմա աշխատում ենք բարձրագույն կրթության մասին օրենքի վրա, օրենքում փոփոխություններ պետք է արվեն և պետք է այնպես անենք, որ  նախարարությունը ոչ միայն չխանգարի բուհերին, այլ նաև  հնարավորինս վստահի համասարաններին և, մյուս կողմից, կարողանանք օժանդակել նրանց»,- ասաց նախարարը: