Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչն է պայմանավորում կրթական արդյունքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հաճախ կարծում ենք, թե սովորելը հիմնականում բնածին մի բան է. կամ տրված է երեխաներին, կամ ոչ։ Իրականում կրթական արդյունքը պայմանավորված է շատ տարբեր գործոններով, որ ցույց են տալիս, թե ինչ կարևոր է մանկավարժության որակն ու դպրոցական միջավայրը՝ համադրված տան պայմանների հետ։ Այդ գործոնները հստակ երևում են TIMSS հետազոտության արդյունքների վերլուծություններից, որ կարելի է գտնել Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում։
Առարկայի հանդեպ վերաբերմունքը. ինչու է կարևոր սիրել այն, ինչ սովորում ես
Սովորողների արդյունքների համադրումը առարկայի հանդեպ վերաբերմունքի հետ ցույց է տալիս, որ առարկայի հանդեպ լավ վերաբերմունքը զգալիորեն ավելի բարձր կրթական արդյունք է ապահովում։ Այսպես. օրինակ, մաթեմատիկա առարկայի նկատմամբ աշակերտների վերաբերմունքը կապված է թեստային բալի հետ: Մասնավորապես այն աշակերտները, ովքեր լավ են վերաբերվում առարկային մոտ 28 բալով ավելի բարձր թեստային բալ ունեն՝ ի տարբերություն առարկայի նկատմամբ վերաբերմունքի ցածր մակարդակ ունեցող աշակերտների: Ֆիզիկա առարկայի դեպքում մոդելի հաստատունը 421 բալն է: Այս առարկայի նկատմամբ աշակերտների վերաբերմունքը կապված է թեստային բալի հետ: Մասնավորապես այն աշակերտները, ովքեր լավ են վերաբերվում առարկային մոտ 31 բալով ավելի բարձր թեստային բալ ունեն՝ ի տարբերություն առարկայի նկատմամբ վերաբերմունքի ցածր մակարդակ ունեցող աշակերտների: Նույն պատկերն է մյուս բնագիտական առարկաների դեպքում։
Ինչու է կարևոր վստահել սեփական ուժերին։
Վերլուծությունները ցույց են տալիս, որ ինչքան ավելի շատ է սովորողը մտածում, որ իր ուժերի սահմանում է որևէ առարկա սովորելը, որևէ խնդիր լուծելը, այնքան ավելի բարձր է արդյունքը։ Օրինակ, մաթեմատիկա առարկայի ոլորտում գիտելիքների ընկալման բարձր մակարդակը, կամ որ նույն է ինքնավստահությունը դրականորեն է կապված թեստային բալի հետ: Եթե վերաբերմունքը մաթեմատիկայի նկատմամբ փոխում է աշակերտի բալը 28-ով, ապա բարձր ինքնավստահությունը փոխում է աշակերտի բալը շուրջ 91-ով: Նույնը՝ ֆիզիկայի դեպքում. ֆիզիկա առարկայի ոլորտում գիտելիքների ընկալման բարձր մակարդակը, կամ որ նույնն է ինքնավստահությունը դրականորեն է կապված թեստային բալի հետ: Գնահատման բոլոր տիրույթներից ամենաուժեղ կապը դիտարկվում է հենց գիտելիքների մակարդակի ընկալման հետ: Մասնավորապես գիտելիքների ընկաման բարձր մակարդակը փոխում է աշակերտի բալը շուրջ 84-ով: Նույն պատկերն է մյուս բնագիտական առարկաների դեպքում։
Տանը գրքերի քանակը
Մենք հաճախ կարծում ենք, որ գրքերը այլևս անկարևոր են դառնում։Իրականում հետազոտությունները հենց մեր երկրում կրթական արդյունքի մասով ցույց են տալիս, որ օրինակ մաթեմատիկայի պարագայում եթե տանը գրքերի քանակը 26 –ից 100 է, ապա այդ դեպքում աշակերտները գրանցում են 40,8-ով ավելի բարձր արդյունք, քան տանը 26-ից պակաս գրքեր ունեցող աշակերտների դեպքում: 100-ից ավելի գրքեր ունեցող աշակերտների արդյունքները 54 բալով բարձր են 26-ից պակաս գրքեր ունեցող աշակերտներից: Նույն կապը կրկնվում է մյուս առարկաներից եղած արդյունքների դեպքում, օրինակ ֆիզիկան. եթե գրքերի քանակը 26 –ից 100 է, ապա այդ դեպքում աշակերտները գրանցում են 31,6-ով ավելի բարձր արդյունք: 100-ից ավելի գրքեր ունեցող աշակերտների արդյունքները 51,5 բալով բարձր են 26-ից պակաս գրքեր ունեցող աշակերտներից:
Համակարգիչն ու ինտերնետը տանը. թվային խզման ազդեցությունը
Տանը համակարգչի և ինտերնետի առկայությունը նույնպես էական են՝ գրանցվող կրթական արդյունքների տեսանկյունից։ Համակարգչի առկայության դեպքում աշակերտների թեստային բալը ավելանում է 37,4-ով: Համացանցի առկայության դեպքում աշակերտների թեստային բալը ավելանում է 28,2-ով:
Ծնողների կրթությունը
Միջին մասնագիտական կրթություն ունեցող ծնողների երեխաները շուրջ 30 բալով ավելի բարձր արդյունքներ են ցույց տալիս՝ քան կրթություն չունեցող կամ միջնակարգ դպրոցական կրթություն ունեցող ծնողների երեխաները: Բարձրագույն կրթություն ունցող ծնողների երեխաները շուրջ 56 բալով ավելի բարձր արդյունքներ են ցույց տալիս՝ ի տարբերություն միջնակարգ կամ կրթություն չունեցող ծնողների երեխաների: Սա է աղքատության վերարտադրվող շղթայի էությունը և դրա համար է այդքան կարևոր՝ ապահովել հասանելի կրթական ծառայություններ բոլորի համար, որ հանրային զարգացման ուղիղ ճանապարհն է։
Մանկավարժ է արդյոք ուսուցիչը
Վերլուծությունները ցույց են տալիս, որ եթե ուսուցիչն ունի մանկավարժական կրթություն, ապա սովորողների արդյունքներն ավելի բարձր են լինում։ Օրինակ, մաթեմատիկայի դեպքում եթե ուսուցիչը մանկավարժական կրթություն է ունեցել, ապա սովորողների արդյունքները եղել են 20 թեստային բալով ավելի բարձր, քան ոչ մանկավարժ ուսուցիչների սովորողների արդյունքները։
Բավարարված են արդյոք ուսուցիչներն իրենց աշխատանքով
Սա նույնպես էապես ազդում է կրթական արդյունքի վրա։ Այն աշակերտները, որոնց ուսուցիչները բավարարված են իրենց աշխատանքով, 32 թեստային բալով ավելի բարձր արդյունք ունեն, քան իրենց աշխատանքով չբավարարված ուսուցիչների աշակերտները։
Կրթական արդյունքի վրա էապես ազդում է նաև դպրոցի ապահովությունը՝ անվտանգ ու բռնությունից զերծ միջավայրը, տնօրենների կողմից դպրոցի հանդեպ վերաբերմունքը և մի քանի այլ գործոններ, որ ցույց են տալիս, թե ինչ բազմաշերտ է հանրակրթության փոփոխությունը»: