Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետերբուրգի հիմնական ձեռքբերումը դիտրոդների թվի ավելացման շուրջ համաձայնության գալն է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա` հանդիպման ավարտին նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, որ հանդիպման տրամաբանությունն այն է, ինչ դրվել է Վիեննայում, և այս հանդիպումը նրա համար է, որ նախադրյալներ նախապատրաստվեն բանակցային գործընթացները վերսկսելու համար:
«Ընդ որում` այստեղ ևս աշխատանքները բաժանվել են երկու մասի: Առաջինը վերաբերում է հենց սահմանին ստեղծված իրավիճակի վերահսկողությանը, այսինքն` ամեն ինչ արվի, որ կայունություն ապահովվի սահմանին, և պատերազմական գործողություններ այլևս չվերսկսվեն: Երկրորդն արդեն քաղաքական ձևաչափն է: Հայկական կողմի նպատակն է Արցախը, որպես բանակցային կողմ, ներառելը»,- ասաց քաղաքագետը:
Մելիք-Շահնազարյանը սխալ է համարում կարծիքը, թե բանակցություններն ընթանում են Մինսկի խմբի շրջանակներից դուրս: «Պետք չէ հակասություն փնտրել և ասել, թե բանակցություններն ընթանում են Մինսկի խմբի շրջանակներից դուրս: Այս պահին բանակցությունները վերսկսված չեն, և այսպիսի հանդիպումները նպաստում են բանակցային գործընթացի վերսկսմանը»,-ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով` Ալիևի վարչակազմի և հենց Ալիևի լեքսիկոնը չի փոխվել Վիեննայից հետո, իսկ Պետերբուրգից հետո դեռ պարզ չէ: Ադրբեջանի նախագահն ասաց, որ չի պատրաստվում բանակցությունների վերսկսմանը, քանի դեռ Ղարաբաղից դուրս չեն բերվել հայկական զորքերը, սակայն նման հաղորդումն ուղղված էր սեփական լսարանին, ու նման հայտարարությունները չեն ազդել հանդիպման վրա: «Մենք տեսանք, որ հանդիպումից հետո եղած հայտարարությունների և այս տրամադրվածության վրա Ալիևի հայտարարությունները ոչ մի ազդեցություն չեն ունեցել: Բացի այդ` Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության արդյունք է նաև երկրի տարածքում խոշորածավալ զինավարժությունների անցկացումը, ինչը չի կարող նպաստել խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսմանը»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա` պատերազմի վերսկսման կանխման հարցում Ռուսաստանը շահագրգռված է և հետևողական է լինելու, որ թույլ չտա նոր պատերազմական գործողություններ: Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Ռուսաստանը միջազգային հանրությանը ներկայանում է որպես մեծ խաղաղարար, ով ունի պոտենցիալ և կարող է կանխել պատերազմական գործողություններ: «Պետերբուրգի հանդիպման մակարդակն էլ այնքան բարձր էր, որ ես չեմ կարծում, որ այդպիսի քայլերից հետո Ռուսաստանն ամեն ինչ չի անի, որպեսզի այդ պատերազմը չվերսկսվի. դա նաև հարված կլինի Ռուսաստանի հեղինակությանը ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև միջազգային հարթակում»,- հավելեց Մելիք-Շահնազարյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Պետերբուրգում թե' եռակողմ, թե' երկկողմ հանդիպումների ժամանակ Պուտինը խուսափել է որևէ գնահատական հնչեցնել ԼՂ կարգավորման հարցի վերաբերյալ, բայց ԱԳ նախարար Լավրովի հայտարարության մեջ խոսք էր գնում շփման գծում անվտանգության մակարդակի բարձրացման մասին, սակայն դարձյալ քաղաքական գնահատականներ չկային: