կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-24 22:52
Արցախ

ԼՂՀ-ն խաղաղարար ուժերի կարիք չունի. Մովսես Հակոբյան

ԼՂՀ-ն խաղաղարար ուժերի կարիք չունի. Մովսես Հակոբյան

«Խաղաղարար ուժերի տեղակայման վերաբերյալ որեւէ խոսակցություն չկա, եւ կարծում եմ` դրա անհրաժեշտությունը եւս չկա, որովհետեւ ԼՂՀ պաշտպանության բանակն ի վիճակի է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ ԼՂՀ-ն եւ բանակը խաղաղարար ուժերի կարիք չունեն։ Այս հարցը չի քննարկվել եւ երբեւէ չի էլ քննարկվելու»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով Karabakh-open.info-ի` Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո Ղարաբաղում ռուսական խաղաղարար զորքերի տեղակայման մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ հարցին։

 

Պատասխանելով սպառազինությունների մրցավազքի եւ հնարավոր պատերազմի դեպքում Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ու ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության ապահովման եւ հայկական զինված ուժերի դիմակայության մասին հարցին՝ պաշտպանության նախարարը նշել է. «Մենք շատ ուժեղ ենք եւ մտածելու ոչինչ չունենք։ Գյումրիի ռազմաբազան կլինի կամ չի լինի, ՀԱՊԿ-ի շրջանակներում պայմանավորվածությունը կլինի, թե` ոչ, մենք մեր խնդիրն իրականացնելու ենք, ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում»։

 

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի կամ ՆԱՏՕ-ի շրջանակներում` ի դեմս ՀՀ-ի իրականացվող աշխատանքներին, ըստ նախարարի, դրանք ուղղված են մեր երկրի անվտանգության համակարգի բազմակողմանի ապահովմանը եւ պատերազմի չվերսկսմանը։ Իսկ եթե պատերազմ սկսվի, նախարարի հավաստմամբ, հայկական զինված ուժերն իրենց խնդիրը հեշտությամբ լուծելու են։ «Սպառազինությունը որոշիչ չի։ Որոշիչը մարդու պատրաստակամությունն է՝ իր հայրենիքը պաշտպանելու եւ հաղթելու։ Եւ այս ուղղությամբ որեւէ խնդիր չունենք։ Դա իրականացնելու համար մենք ունենք համապատասխան զինտեխնիկա։ Մեր բոլոր գործողություններն ուղղված են նրան, որ պատերազմ չսկսվի, իսկ եթե սկսվի, ձեռքներս ծալած չենք կարող նստել։ Մենք սպառազինվելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է մեզ՝ մեր խնդիրը կատարելու համար։ Հաջորդ տարի կլսեք նոր սպառազինության եւ հեռահար զենքերի ձեռքբերման մասին»,- եզրափակել է Մովսես Հակոբյանը։