կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-07 15:28
Քաղաքական

«Հայռուսգազարդ»-ի մենեջերը ներկայանում է որպես օլիգարխ, մենք սա ռազբիրատ արել ե՞նք. Հրանտ Բագրատյան

«Հայռուսգազարդ»-ի մենեջերը ներկայանում է որպես օլիգարխ, մենք սա ռազբիրատ արել ե՞նք. Հրանտ Բագրատյան

Այսօր ԱԺ քառօրյայում ներկայացվում է գազի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքը:

 

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ, հիմնական զեկուցող Վարդան Այվազյանին գազի ջերմատվության վերաբերյալ, որ մարդկանց մոտ կա  անվստահություն, որ գազի ջերմատվությունը դիտավորյալ նվազեցնում են, որպեսզի բնակիչը շատ գազ ծախսի: Նա նաև նշեց, որ գազի հանձնաժողովի եզրակացությունը կարդալիս այդպես էլ չի հասկացվում` հիմնախնդիր հայտնաբերվե՞լ է, թե՞ ոչ, այնինչ` քաղաքացիներն այդ պատասխանին են սպասում:

 

Եզրակացության մեջ նշված է, որ աշխատանքային խումբն ունեցել է պետական մարմիններից տարբերվող մոտեցումներ, բայց որո՞նք են եղել այդ տարբերությունները, հարցրեց պատգամավորը:

 

Վարդան Այվազյանը նշեց, որ հանգամանալից ուսումնասիրել են գազի ջերմատվության հարցը, այն կազմում է 2900 կալորիա: Եվ ՀԾԿՀ-ին առաջարկել են  մշակել այնպիսի մեխանիզմ, որ տեղեկատվություն տրամադրվի խոշոր գազի սպառողներին գազի ջերմատվության չափի մասին:

 

Մհեր Շահգելդյանը ափսոսանք հայտնեց, որ դա չի վերաբերում ֆիզիկական անձանց համար գազի ջերմատվությանը, ուստի ինչպե՞ս պետք է պաշտպանել քաղաքացիներին, եթե հենց նրանք են ահազանգում գազի ջերմատվության մասին: Վարդան Այվազյանն էլ պատասխանեց, որ ֆիզիկական անձանց համար վերահաշվարկ չեն կատարում:

 

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը նրա համար էր, որ գազը ստանում ենք 164 դոլարով, 340-ով վաճառում: Նա համեմատեց պատերազմող Ուկրաինայի հետ, որտեղ գազը ստանում են 247 դոլարով, վաճառում` 280-ով: «Հիմա գնանք, մեր ժողովրդին ի՞նչ ասենք: Որտե՞ղ ա մեր ստրատեգիական ռազմավարությունը»,- հարցրեց նա:

 

Հրանտ Բագրատյանի երկրորդ հարցը վերաբերում էր նրան, որ եզրակացության մեջ վերլուծված չեն ներդրումները: «Ո՞նց ա պատահում, որ «Հայռուսգազարդ»-ի մենեջերը, որը լավ աշխատավարձ ա ստանում, էսօր ներկայանում ա որպես օլիգարխ: Ո՞ւմ հիմնարկներն են կատարում այդ կապալառու աշխատանքները: Խոսքը միլիոնների մասին ա, որ ուզում է Մոսկվայից գա ու Երևանում ներդրումներ անի: Մենք սա ռազբիրատ արել ե՞նք: 1998թ. հայ գազի կեսը տվեցինք ռուսին` ութ միլիոնով, դրա դիմաց փող պիտի գար` 148 միլիոն, բայց չի եկել էդ փողը, և երբ հանրապետության երկրորդ նախագահը էդ փողը վարի էր տալիս, մի քանի դեմագոգների մասնակցությամբ նստել, մազութի գործ էիք քննարկում: Դա միակ դեպքն էր, որ իշխանությունը ընկավ մեր հետևից, որ նստացնի, բայց թողեց գնաց, նրա համար, որ մութ ու ցուրտ տարիներին ժողովրդին լույս էինք տվել: Քննե՞լ եք, թե ուր է այդ 148 միլիոնը»,- հարցրեց Հրանտ Բագրատյանը:

 

Վարդան Այվազյանը նշեց, որ 340-ով գազը վաճառվում է բնակչությանը, որը կազմում է գազի սպառման 30 տոկոսը, մնացած 60 տոկոսը վաճառվում է 270 դոլարով: Նա նաև նշեց, որ հանձնաժողովի բոլոր նիստերը թեև դռնփակ են եղել, սակայն ամեն ինչ ձայնագրվել է:

 

Հրանտ Բագրատյանը նշեց, թե մի քանի անգամ, երբ մասնակցել է հանձնաժղովի նիստերին, Վարդան Այվազյանը ասել է. «Իմացեք, որ ամեն ինչ չի մեզ թույլատրված, ես էլ ասացի, որ ստեղ անելիք չունեմ»:

 

Վարդան Այվազյանը արձագանքեց. «Արի, գնանք, զապիսը լսենք, ես նման բան չեմ ասել»:

 

ԱԺ նախագահը միջամտեց` ասելով. «Զապիսը հետո կլսեք, պատերազմները շարունակեք դրսում»: