կարևոր
793 դիտում, 44 րոպե առաջ - 2026-10-21 18:25
Հասարակություն Քաղաքական

Հրատապ քայլեր ձեռնարկել՝ Արթուր Վարդանյանին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու և պատժի հետագա կրումից ազատելու համար. փաստաբանն ահազանգում է

Հրատապ քայլեր ձեռնարկել՝ Արթուր Վարդանյանին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու և պատժի հետագա կրումից ազատելու համար. փաստաբանն ահազանգում է

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է.

«Ի գիտություն մտահոգ քաղաքացիների, լրատվամիջոցների և ի գործողություն պատկան մարմինների

Ինչպես արդեն տեղեկացրել եմ` ստանձնել եմ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանի շահերի պաշտպանությունը, ով գտնվում է Արմավիր ՔԿՀ-ում և ունի առողջական չափազանց լուրջ խնդիրներ, մասնավորապես` Կրոնի հիվանդություն (Crohns disease, գրանուլեմատոզ էնտերիտ), սրտանոթային և վահանաձև գեղձի խնդիրեր, միջողնային մի շարք ճողվածքներ և այլն:

Վերջերս, Արթուր Վարդանյանի մոտ բազմիցս դիտվել են առողջության վատթարացման և սրացման դեպքեր, սակայն նրան չի ցուցաբերվել բժշկական համապատասխան օգնություն, որպես օրինակ նշեմ, որ սույն թվականի սեպտեմբերի 19-ին Արթուր Վարդանյանը արյունահոսել է, արյուն է փսխել, զգացել է ձախ թիակի սուր ցավ և թմրածություն, սակայն շտապ օգնության բրիգադ կանչելու փոխարեն «Արմավիր» ՔԿՀ բուժաշխատողները միայն ցավազրկող Կետոնալ դեղահաբեր են տրամադրել վերջինին, ինչը բժշկագիտությամբ հակացուցված է, քանի որ նշված դեղահաբը ուժեղացնում է արյունահոսությունը:

Նշված խնդիրը գրությամբ բարձրաձայնել եմ ՀՀ ԱՆ և ԱԽ նախարարներին և ՀՀ ՄԻՊ-ին` ակնկալելով հրատապ և գործուն քայլեր: Նշված երեք կառույցներից ստացել եմ «իմիտացիոն»բնույթի պատասխաններ, մասնավորապես. ՀՀ ՄԻՊ` տեղյակ ենք, գրություն ենք ուղարկել, ՀՀ ԱՆ` խնդիրը մեր տիրույթում չէ, ԱԽ` վիճակը գնահատվում է բավարար, շարունակում է ստանալ սիմպտոմատիկ, պահպանողական բուժում։

Հայտնում եմ, որ այս ժամանակահատվածում Արթուր Վարդանյանը չի ստացել որևէ բուժում, և որ նրա առողջական վիճակը շատ ավելի է վատթարացել: Ակնհայտ է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում. ինչը փաստում են երկարատև տեսակցությունից վերադարձած Արթուր Վարդանյանի կինն ու մի քանի օր առաջ այցելած պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նշվածը հաշվի առնելով` կրկին անգամ դիմում եմ վերը նշված կառույցներին, հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու և պատժի հետագա կրումից հիվանդության հետևանքով ազատելու համար»: